Թրամփն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը
Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի պետքարտուղարի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է ExxonMobil նավթային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը:
«Համառության, հարուստ փորձառության ու աշխարհաքաղաքական հարցերում ունեցած խոր գիտելիքների շնորհիվ նա հիանալի ընտրություն է պետքարտուղարի պաշտոնի համար»,-մեջբերում է The Guardian-ը Թրամփի հայտարարությունից մի հատված:
Հայտնի է, որ պաշտոնի հավակնորդների թվում էին ԱՄՆ նախագահական մրցապայքարի նախկին մասնակից Միթ Ռոմնին ու Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսը:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ և՛ Հանրապետական, և՛ Դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող սենատորները լուրջ մտավախություններ ունեն Թիլերսոնի հարցում՝ հաշվի առնելով միջազգային քաղաքականության ոլորտում ունեցած փորձի պակասը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտերիմ հարաբերությունների մեջ լինելը:
Հայտնի է, որ պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի նշանակումը դեռևս պետք է հաստատվի Սենատի կողմից:










