Վենեսուելան «մաֆիայի» պատճառով փակել է Կոլումբիայի հետ սահմանը

09:32 • 13.12.16

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարգադրել է 72 ժամով փակել Կոլումբիայի հետ պետական սահմանը, ինչն արվել է ֆինանսական մաֆիայի դեմ պայքարի շրջանակում:


Ինչպես տեղեկացնում է bbc.com-ը, Մադուրոն մանրամասնել է, որ Կոլումբիայի հետ սահմանային գոտում գործող «մաֆիան» փորձում է ապակայունացնել Վենեսուելայի սոցիալ-տնտեսական վիճակը՝ ահռելի վնաս պատճառելով երկրի տնտեսությանը:


«Մենք խորապես անհանգստացած ենք Կոլումբիայի տարածքից հանցավոր տարրերի կողմից վենեսուելական արժույթի և տնտեսության դեմ իրականացվող գործողություններով: Եկեք վերացնենք մաֆիան, քանի դեռ մաֆիան չի վերացրել մեր երկիրն ու տնտեսությունը»,- ասել է Մադուրոն:


Երկրի նախագահն ասել է, որ Կոլումբիայի հետ սահմանի փակման որոշումն այլընտրանք չունի: