Սոցիալական ցանցերում վխտում են խմբերը, որոնք ձգտում են հավաքագրել «մերոնց». Սամվել Մարտիրոսյան

22:20 • 14.12.16

Սոցիալական ցանցերում կան բազմաթիվ խմբեր, որոնք զբաղված են դժգոհներին հավաքագրելով: Եվ կարելի է ենթադրել, որ, օրինակ, Վահան Մարտիրոսյանի հետ մինչև այդ աշխատանքներ տարել են: Սա մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի պատասխանն է Tert.am –ի այն հարցին՝ արդյոք Ադրբեջանին հանձնված ՀՀ քաղաքացիները չե՞ն «մշակվում» նաև համացանցի միջոցով:

«Չեմ կարծում, որ էդ մարդը միանգամից վերցրեց ընտանիքն ու գնաց»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։ Պատասխանելով հարցին՝ հնարավոր չէ՞ որ դաշտը վերահսկվի հատուկ ծառայությունների կողմից, փորձագետը նշեց. «Եթե այդ դաշտը վերահսկվի, շատ վատ կլինի։ Կնշանակի, որ մեզ բոլորիս «կարդում» են, ու դրանից մենք շատ ավելի դժգոհ կլինենք, եթե մի երկու հոգի էլ չգիտեմ ինչ անեն»: 

Հիշեցնենք, որ Haqqin az-ը երեկ տեղեկացրել էր, թե Բաքու մեկնած Վահե Ավետյանին, Սյուզան Ջաղինյանին ու Վահան Մարտիրոսյանին կմիանա ևս մեկ հայ՝ Արմեն Վիրաբյանը, ով, սակայն, հերքել էր, թե «կապվել է Haqqin.az-ի հետ» և հակահայկական պետիցիա է ստորագրել` ուղղված Իլհամ Ալիևին:

Սա նաև մամուլում մի շարք հարցադրումներ էր առաջացրել, թե ինչու են ՀՀ հատուկ ծառայությունները աչքաթող արել նման մարդկանց հետ կապ հաստատելու փորձերը:

Անդրադառնալով հարցին, թե կապի որ միջոցներն էլ առավել պաշտպանված` գրագրության ու խոսակցությունների առումով, Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ համեմատաբար թույլ է  messanger-ը: Ինչ վերաբերում է «Viber»-ին ու «Whatsapp» -ին, ապա դրանք գրեթե չեն վերահսկվում` շնորհիվ հատուկ արտադրությունների: