Կան մարդիկ, ովքեր մտավախություն ունեն, որ ՀՀԿ-ի Շիրակի ցուցակում ընդգրկված լինելով կարող եմ իրենց խանգարել. Սուքիաս Ավետիսյան (տեսանյութ)

17:49 • 14.12.16

«Հանրապետական» կուսակցության Շիրակի մարզի նախընտրական ցուցակի շուրջ քննարկումներ չեն եղել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը:

«Որևիցե քննարկում, որևէ տեղ, որևէ ձևաչափով չի եղել: Այսինքն՝ ով կլինի ցուցակներում, ինչ ձևով կլինեն, չի եղել»,- նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե մամուլը չի դադարում գրել ՀՀԿ-ի Շիրակի ընտրացուցակի մասին այն համատեքստում, որ ինքն այդտեղ ընդգրկված չի լինելու, Սուքիաս Ավետիսյանն այսպես արձագանքեց. «Բնական է, որ կան մարդիկ, որոնց մի մասը շահագրգիռ է, որ այդ ցուցակում լինեն, կան մարդիկ, ովքեր մտավախություն ունեն, որ ընդգրկված լինելով կարող եմ իրենց խանգարել: Այնպես որ դա շատ բնական է, հանգիստ պետք է նայել այդ հարցին»:

Հարցին՝ ովքե՞ր են այդ մարդիկ, որ իր ներկայությունից ՀՀԿ-ի ցուցակում կարող են մտավախություն ունենալ, պատգամավորը պատասխանեց. «Իմ անձի էությունն այնպիսին է, որ խանգարել չի կարող, պարզապես 25 տարվա պատգամավոր եմ ու կարող եմ շատերի համար լուրջ մրցակից լինել»:

Մանրամասները՝ տեսանյութում։