1.66 մլն դոլարի խարդախության համար մեղադրվող ամերիկաբնակ հայը խոստովանել է իր մեղքը
ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում բնակվող Արտաշես Դարբինյանը, որը դաշնային դատարանի առջև է կանգնել 1.66 մլն դոլարի խարդախություն անելու մեղադրանքով, ընդունել է իր մեղքը:
Ինչպես նշում է latimes.com կայքը, 37-ամյա տղամարդը դատարանում ասել է, որ ապօրինի գործունեության հետևանքով ավելի քան 1.5 մլն դոլար է յուրացրել:
Գլենդեյլի մեկ այլ հայազգի բնակիչ՝ 42-ամյա Օրբել Հակոբյանը խոստովանել է, որ Դարբինյանի հանցակիցն է ու օգնել է նրան փողերի լվացման հարցում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Դարբինյանը գումարներ է ստացել էլեկտրոնային փոստի միջոցով՝ իր հանցավոր գործունեության մեջ ներգրավելով Trademark Compliance Center և Trademark Compliance Office ընկերություններին:
Հայտնի է, որ այդ ընկերությունների հովանավորչությամբ տղամարդը 385 դոլարի դիմաց առաջարկել է առևտրանշանների խախտման մոնիթորինգի, ինչպես նաև ապրանքանշանների պաշտոնապես գրանցման գործընթացի արագացման ծառայություններ, որոնք, սակայն, չի մատուցել:
Իշխանությունների փոխանցմամբ՝ Դարբինյանին հաջողվել է ծածուկ պահել իր հանցավոր գործունեությունը՝ օգտագործելով գողացված նույնականության քարտեր ու դրանց միջոցով Վաշինգտոնում բացելով վիրտուալ գրասենյակներ:
Հայտնի է, որ Դարբինյանի «զոհերը» գումարներն ուղարկել են այդ գրասենյակների հասցեներով, ինչից հետո դրանք փոխանցվել են Լոս Անջելեսում գործող նմանատիպ այլ գրասենյակների հաշիվներին:
Նշվում է նաև, որ Դարբինյանը Wells Fargo ընկերության հետ համագործակցության շրջանակում գողացված նույնականացման քարտերի միջոցով բացել է կեղծ բանկային հաշիվներ ու զբաղվել փողերի լվացմամբ: Այդ գործում նրան օգնել է Օրբել Հակոբյանը, որը չեքի ու կանխիկ գումարի տեսքով հաշիվներից հանել է գումարներն ու դրանցով ոսկի գնել:
Նշվում է նաև, որ Wells Fargo-ի 36-ամյա աշխատակից Ալբերտ Յագուբյանը փողերի լվացման գործի շրջանակում ևս կալանավորվել է և սպասում է դատավարությանը:










