Մենք ՀՀ-ՌԴ զորախմբի մասին դիվանագիտական հայտարարությունների հետ գործ չունենք. ՀՀ ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ վարչության պետ

19:18 • 14.12.16

Մեր առաքելությունը Հայաստանում խիստ սպեցիֆիկ է, մենք Հայաստանի անվտանգությունն ապահովում ենք Թուրքիայի, Իրանի հետ սահմաններում. Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Հայաստանում ՌԴ Ազգային դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Միխեևը՝ հրաժարվելով մեկնաբանել ՌԴ Պետդումայի տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովի հայտարարությունը, թե հայ-ռուսական միացյալ զորախումբը ոչ մի խնդիր չի ստեղծում Ադրբեջանի համար։

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանում ՌԴ Ազգային դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ Անատոլի Միխեևը հիշատակեց, որ հայ-ռուսական միացյալ զորախումբ կա դեռևս 1992 թվականից, դրան ու ՀԱՊԿ-ին վերաբերող հարցերին էլ պետք է պատասխանի Պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի տեղեկատվության քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը նշել էր, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը ոչ մի խնդիր չի ստեղծում Ադրբեջանի համար։

«Հայաստանը սահմանակցում է մի երկրի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Այդ պատճառով միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը դաշնակիցներ լինելու պայմաններում լիովին խելամիտ է։ Հարցը կայանում է նրանում՝ արդյո՞ք դա խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի համար։ Իմ կարծիքով՝ ոչ մի խնդիր չի ստեղծում։ Քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի ամենամտերիմ ռազմավարական գործընկերն է»,-ասել էր Պուշկովը։

«ՀԱՊԿ-ի շրջանակներում նոր մոտեցումները, նոր զորախմբի ստեղծումը տարածաշրջանում անվտանգության ապահովման բաղկացուցիչ մասն են կազմում,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Անատոլի Միխեևը՝ հավելելով,-մեր հանձնառությունը խիստ սպեցեֆիկ է, մենք պահպանում ենք պետական սահմանները, մենք բոլոր միջոցները կիրառում ենք, որպեսզի տարածքում ապահովենք անվտանգություն»:

Անատոլի Միխեևը նաև ներկայացրեց,որ ռուսական սահմանապահ զորքերը առաջնագծում են, իսկ հայկական զորքերը համարվում են իրենց պահեստայինները:

Վերադառնալով Պուշկովի հայտարարությանը, թե Ադրբեջանից Հայաստանին ուղղված սպառնալիքների դեպքում Հայաստանում եղած ռուսական զորքերը չեն միջամտելու, ռուս գեներալ-մայորը նշեց․«Ներկայումս մեր միջև եղած համաձայնագրերը մեզ թույլ չեն տալիս միջամտել նման խնդիրների ժամանակ: Դրանք դիվանագիտական հայտարարություններ են, մենք դրա հետ գործ չունենք: Եթե սպառնալիքներ լինեն Թուրքիայից, մենք անվտանգությունը կապահովենք, նույնը վերաբերում է նաև Իրանին»: