Հակառակորդը խախտել է հրադադարը 90 անգամ՝ արձակելով մոտ 1900 կրակոց, կիրառվել է նաև ականանետ. ԼՂՀ ՊԲ

09:58 • 14.12.16

Դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հադրութ), արևելյան (Մարտունի-Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից։

Շուրջ 90 անգամ տեղ գտած խախտումների ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց, որից 56-ը` «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից:

Բացի հրաձգային զինատեսակներից Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (3 արկ):

Հավատարիմ մնալով ընտրած մարտավարությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին պատասխանելուց և հակազդիչ քայլերի  դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Առաջնագծի ամբողջ երկայնքով Արցախի զինված ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: