ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. խորհուրդ է տրվում երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

19:50 • 14.12.16

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից վարորդներին հորդորում են հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են ձյան առատ տեղումները, կան ճանապարհահատվածներ, որտեղ սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ բավականին ցածր:

Վարորդներին հորդորում ենք հանրապետական և միջպետական ավտոճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ. ասված է նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ փակ են Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը և  Թալին-Մասարա, Ծիլքար-Սպիտակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ-Լուսաղբյուր, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ալագյազ-Ծիլքար, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների, Կոտայքի մարզի գրեթե բոլոր ավտոճանապարհները:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Շիրակի մարզում բուք է:

Սարավան-«Զանգեր», Գորիս-Կապան ավտոճանապարհներին և Չայնիի ոլորաններին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: