British Airways-ի բորտուղեկցորդները գործադուլ կանեն ցածր աշխատավարձի պատճառով
Բրիտանական British Airways ավիաընկերության բորտուղեկցորդները ձայների ճնշող մեծամասնությամբ աջակցել են աշխատավարձերի բարձրացման պահանջով գործադուլի անցկացմանը, հաղորդում է BBC-ն` հղում անելով Unite արհմիությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ քվեարկությանը մասնակցել է ավիաընկերության ավելի քան 2 հազար աշխատակից, որոնց 79 տոկոսը կողմ է արտահայտվել բողոքի ակցիայի անցկացմանը: Ակցիան տեղի կունենա դեկտեմբերի 21-ից ոչ վաղ և կանդրադառնա լոնդոնյան «Հիթրոու» օդանավակայանի վրա:
British Airways-ի ղեկավարությունը դեռևս չի հստակեցրել, թե ինչպես բորտուղեկցորդների բողոքի ակցիան կանդրադառնա ավիաընկերության չվերթների ժամանակացույցին ամանորյա տոների ընթացքում:
Նշվում է, որ բորտուղեկցորդների և ավիաընկերության ղեկավարության միջև ծագած վեճի պատճառը 4 հազար աշխատակիցների աշխատավարձն է, որոնց հետ պայմանագրերը կնքվել են 2010 թվականին և ավելի ուշ:
Գործադուլի նախաձեռնողների խոսքերով` ավիաընկերության ղեկավարությունը խոստացել է, որ 2010 թվականից հետո աշխատանքի ընդունված բորտուղեկցորդների տարեկան աշխատավարձը կկազմի 21-25 հազար ֆունտ ստերլինգ (26,6-31,7 հազար դոլար), սակայն իրականում այդ պայմանագիրը ստորագրած աշխատակիցները ստանում են մոտ 12 հազար ֆունտ ստերլինգ (15,2 հազար դոլար):










