Վահան Մարտիրոսյանն է «միամտացրել» նրան. Հայկ Խանումյանը՝  ադրբեջանական պլատֆորմին միացած ստեփանակերտցի աղջկա մասին

12:05 • 15.12.16

 

 

Ստեփանակերտցի  սկսնակ  բանաստեղծուհի ու ակտիվիստ Լուսինե  Ներսիսյանը, ով լայն հանրությանը  հայտնի դարձավ ադրբեջանական haqqin.az-ին  տված հարցազրույցով, որում  Հայաստանին օկուպանտ էր անվանել, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հայրենասիրական թեմայով գրած ինչ-որ բանաստեղծություն:

Բայց նախ, ըստ երևույթին,  իր էջին գրված վիրավորանքներից ազդված, գրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցին ասել է, թե  21-րդ դարում չպետք է էլի զոհեր տանք ու որ հայ մայրերը չպետք է սևազգեստ լինեն:

Ավելի ուշ նա  այդ գրառումը հեռացրել է ու «էրգրի» մասին հայրենասիրական ինչ-որ բանաստեղծություն գրել:

Հիշեցնենք, որ վերջին օրերին  Haqqin az-ը տեղեկացրել է մի քանի հայերի մասին, որոնք կամ հանձնվել են Բաքվին, կամ նրանց վերագրվել է նման մտադրություն. Վահե Ավետյան, Սյուզան Ջաղինյան, Արմեն Վիրաբյան, ավելի վաղ նաև Վահան Մարտիրոսյան։ Նշվածներից Արմեն Վիրաբյանը, սակայն, հերքել էր, թե «կապվել է Haqqin.az-ի հետ» և հակահայկական պետիցիա ստորագրել:  Իսկ երեկ  այս շարքին միացավ նաև Լուսինե Ներսիսյանը,  որը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, ասել է.

«Կտրականապես դեմ եմ պատերազմներին, ինչի համար էլ դրանք լինեն ու ինչ գեղեցիկ գաղափարների  ներքո էլ  արդարացվեն»:

Ապա, նշելով, որ  ցանկության դեպքում բոլոր հակամարտությունները  հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով,   ստեփանակերտցի աղջիկն ասում է, որ Ղարաբաղյան պատերազմը Հայաստանին ստիպել է, մեջբերում ենք, «օկուպացնել ուրիշի հողերը և կանգնեցրել բոլոր ոլորտներում առաջընթացը»:  Իշխանությունների մասին էլ ասել է. «Մարդկանց ուղարկում են պատերազմ` նրանց վերաբերելով  են որպես թնդանոթի մսի»:

Նշենք, որ աղջկա հետ հարցազրույցը վարել է ոչ անհայտ Վահան Մարտիրոսյանը, ով հայերից առաջինն էր, որ փախավ Բաքու` ընտանյոք հանդերձ: 

Լեռնային Ղարաբաղի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, որը լավ չի ճանաչում  Լուսինե Ներսիսյանին, վստահ է, որ ոչ անհայտ Վահան Մարտիրոսյանն է «միամտացրել» նրան:

Tert.am –ի հետ զրույցում Հայկ Խանումյանն ասաց. «Ենթադրում եմ, որ Մարտիրոսյան Վահանը «սկայպով» հարացրույց  է արել՝ չասելով, որ Haqqin.az-ի համար է»: Իսկ կատարվածը Խանումյանը գնահատում է հետևյալ կերպ. «միամտացրել են էդ երեխուն»:

Հիշեցնենք, որ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ կատարվածը գնահատել էր որպես հիբրիդային պատերազմի տարր: