Վենեսուելան 72 ժամով փակել է Բրազիլիայի հետ սահմանը` թղթադրամների մաքսանենգության դեմ պայքարի նպատակով

11:28 • 15.12.16

Վենեսուելայի կառավարությունը թղթադրամների մաքսանենգության դեմ պայքարելու նպատակով 72 ժամով փակել է Բրազիլիայի հետ սահմանը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` հղում անելով Բրազիլիայի ԱԳՆ-ին:

Գերատեսչությունը նշել է, որ համապատասխան հայտարարությունը բանավոր կերպով ստացել է Կարակասում երկրի դեսպանությունը:


Աղբյուրը մանրամասնում է, որ երկրների միջև սահմանի երկարությունը մոտ 2,2 հազար կիլոմետր է: Այսկերպ Վենեսուելայի իշխանությունները մտադիր են թույլ չտալ 100 բոլիվար (10 դոլար ֆիքսված և մի քանի ցենտ` ոչ պաշտոնական փոխարժեքով) արժողությամբ թղթադրամների մուտքը երկիր, որոնք այս օրերին հանվում են շրջանառությունից:

Նշվում է, որ արդեն դեկտեմբերի 16-ին կարժեզրկվեն 100 բոլիվար արժողությամբ թղթադրամները, որոնք ներկա պահի դրությամբ ամենամեծ արժեքն ունեն: Մոտ օրերին Վենեսուելայում շրջանառության մեջ կմտնեն 500, 1000, 2000, 10.000 և 20.000 բոլիվար արժողությամբ թղթադրամները: Նման փոփոխությունները պայմանավորված են Վենեսուելայում արժույթի արժեզրկման արագ տեմպերով։ Երկիրը վերջին տարիներին սուր սոցիալ-տնտեսական ճգնաժամ է ապրում: