Կառավարության և ապստամբների միջև պայմանավորվածության արդյունքում հազարավոր մարդիկ են տարհանվել Հալեպից (լուսանկարներ)

23:56 • 19.12.16

Երկուշաբթի հազարավոր մարդիկ տարհանվել են Հալեպի`ապստամբների վերահսկողության տակ գտնվող վերջին թաղամասերից:

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, մարդկանց տարհանումն իրականացվել է կառավարության և ապստամբների միջև ձեռք բերված համաձայնությունից հետո, որի համաձայն` մարդկանց թույլ են տվել հեռանալ նաև կառավարության վերահսկողության տակ Իդլիբ նահանգի Ֆուա և Քեֆրայա քաղաքներից:

ՄԱԿ-ի պաշտոնյաների և Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով` արևելյան Հալեպից բնակիչներին և ապստամբներին տեղափոխել են հատուկ նախատեսված ավտոբուսներով:

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ավելի վաղ հայտարարել էր, որ վերջին ապստամբներն են հեռանում Հալեպից, և քաղաքը «մաքրված» կլինի երկուշաբթի երեկոյան:

Նշվում է, որ արևելյան Հալեպից մոտ 50 երեխա է դուրս բերվել, որոնք պաշարված էին տեղի որբանոցում: Նրանցից ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է: