ԻՊ-ը 1 մլն դոլար գլխագին է սահմանել քուրդ կին մարտիկի համար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը դիմել է Եվրոպայում բնակվող իր հետևորդներին՝ կոչ անելով սպանել իսլամիստների դեմ կռվող քուրդ կնոջը՝ Ջոաննա Փալանիին:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ԻՊ-ը 1 մլն դոլար գլխագին է սահմանել կնոջը սպանելու համար: Խմբավորման տարածած հայտարարությունում ասվում է, որ նա, ով կսպանի Դանիայից Սիրիա մեկնած ու ԻՊ-ի դեմ կռվող քուրդ մարտիկին, կպարգևատրվի 1 մլն դոլարով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Կոպենհագենի քաղաքային դատարանը վճիռ է կայացրել Փալանիի դեմ՝ Դանիայի օրենսդրությունը խախտելու ու Սիրիայում ԻՊ-ի դեմ կռվելու համար:
Նշվում է, որ ավելի վաղ նա մեկնել էր Սիրիա ու այնտեղ միացել քուրդ զինյալներին: Բացի այդ, Փալանին տեսանյութերից մեկում հայտարարել էր, որ իսլամիստ ահաբեկիչներին սպանելը շատ հեշտ է:











