ԱՄՆ-ում երկուշաբթի կկայանա նախագահի թեկնածուների օգտին ընտրիչների քվեարկությունը

10:08 • 19.12.16

ԱՄՆ-ում երկուշաբթի կկայանա նախագահի ընտրությունների գործընթացի կարևոր փուլերից մեկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Երկրի 50 նահանգներից յուրաքանչյուրում, ինչպես նաև Կոլումբիայի շրջանում կհավաքվեն 538 ընտրիչները, որոնք կքվեարկեն պետության ղեկավարի թեկնածուների օգտին:


ԱՄՆ-ում ընտրական համակարգը երկաստիճան բնույթ է կրում: Ընտրողները քվեարկում են փաստացիորեն ոչ թե կոնկրետ քաղաքական գործչի, այլ այն մարդկանց օգտին, որոնք հետագայում, ինչպես ենթադրվում է, կաջակցեն և կհաստատեն նրա թեկնածությունը:


ԱՄՆ-ում գլխավոր ընտրությունները կայացել են նոյեմբերի 8-ին, և դրանցում հաղթանակ է տարել Դոնալդ Թրամփը: Այդ ժամանակ, հաղթելով նահանգների մեծամասնությունում, նա ստացել է 306 ընտրիչների աջակցությունը, ընդ որում՝ հաղթանակի համար նրան անհրաժեշտ էր 270-ի աջակցությունը:


Այժմ այդ «ժողովրդական ընտրիչները» պետք է հանդիպեն սեփական քվեարկությունն անցկացնելու համար: Տեսականորեն նրանք կարող են նաև չհաստատել գլխավոր ընտրությունների արդյունքները, բայց փաստացիորեն նման բան ԱՄՆ-ի ամբողջ պատմության մեջ չի եղել: