Պակիստանցիները թռիչքուղու վրա այծ են մորթել՝ ինքնաթիռներից «նավսը» հանելու համար
Pakistan International Airlines (PIA) ավիաընկերության աշխատակիցներն Իսլամաբադի օդանավակայանում՝ թռիչքուղու վրա, սև այծ են զոհաբերել՝ նպատակ ունենալով ընկերության ինքնաթիռների վրայից հանել, այսպես կոչված, «նավսը»:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, կենդանին զոհաբերվել է դեպի Մուլթան քաղաք ուղևորվող ինքնաթիռի օդ բարձրանալուց րոպեներ առաջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ Պակիստանի քաղաքացիական ավիացիան պահանջել էր ստուգումներ անցկացնել այն բանից հետո, երբ անցած շաբաթ Avions de Transport Regional-ի կողմից արտադրված և Pakistan International Airlines-ին պատկանող ինքնաթիռներից մեկն այրվել էր անմիջապես Մուլթանի օդանավակայանի թռիչքուղու վրա:
Մինչդեռ դրանից առաջ՝ դեկտեմբերի սկզբին, Պակիստանում կործանվել է ավիաընկերության օդանավերից մեկը՝ դառնալով 47 մարդու մահվան պատճառ:
Չնայած, որ քաղավիացիան որոշել է թույլ տալ Avions de Transport Regional-ի ինքնաթիռներին կրկին թռիչքներ իրականացնել, այնուհանդերձ՝ PIA-ի տնօրենների խորհրդի նախագահն արդեն հրաժարական է տվել:
Հայտնի է, որ կենդանիների զոհաբերության ծիսակարգերը նորություն չեն Պակիստանի համար: Ավելի վաղ մասնավոր 2 ավիաընկերությունների աշխատակիցներն այծեր են զոհաբերել 2010 և 2012թ. տեղի ունեցած ավիաաղետների հետևանքով դադարեցված չվերթների վերսկսումից առաջ:













