Google-ը ինքնագնաց մինիվեն է ներկայացրել (լուսանկարներ)
Google ընկերությունը և Fiat Chrysler Automobiles դաշինքը համատեղ ավտոմատ կառավարման համակարգով աշխատող մինիվեն են ներկայացրել, որն ստեղծվել է Chrysler Pacifica Hybrid մոդելի հիման վրա:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, նորույթը կթողարկվի Waymo ապրանքանիշի` Google-ի դուստր ընկերության ներքո, որը պատասխանատու է տրանսպորտային ոլորտում ինքնագնաց տեխնոլոգիաների մշակման և կիրառման համար:
Ինքնագնաց մեքենաների ստեղծման ոլորտում համագործակցության մասին պայմանագիրը Google-ը և FCA-ն կնքել են գարնանը: Մինիվենների թողարկումը մեկնարկել է հոկտեմբերին, սակայն շնորհանդեսից առաջ հավելյալ փորձարկումներ պետք է անցկացվեն:
100 օրինակով թողարկվելիք մինիվեններից առաջինը պատրաստ կլինի հունվարին: 2017-ի ընթացքում ինքնագնաց մեքենաները կփորձարկվեն ԱՄՆ-ի փողոցներում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Google-ը դադարեցրել է ամբողջովին ինքնագնաց համակարգով աշխատող սեփական մեքենայի մշակման ծրագիրը:













