Ինչու է սոցիալական ծրագրերից՝ նպաստներից օգտվում ապահով խավը
Հայաստանում սոցիալապես անապահով խավի բավական բարձր տոկոս նպաստ չի ստանում: Այնինչ, նպաստներ են ստանում մարդիկ, ովքեր ամենևին էլ անապահով չեն:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Օքսֆամ Հայաստան» գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
Վերջինս նշեց, որ իրենց անցկացրած հետազոտությունների համաձայն՝ նպաստառուների շուրջ 40 տոկոսը սոցիալապես անապահով չէ, բայց նպաստ է ստանում:
«Մենք այս մասին տեղեկացրել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, և նախարարը համաձայնել է, որ նման խնդիր կա: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը վերանայում է բանաձևը, օրենսդրական դաշտը, վարվող քաղաքականությունը, որպեսզի նպաստները ստանան սոցիալապես անապահովները, այսինքն՝ ֆինանսական միջոցները արդյունավետ օգտագործվեն»,- նշեց Մարգարիտա Հակոբյանը:
Վերջինս ասաց, որ ստեղծված իրավիճակը սխալ թիրախավորման արդյունք է:
Դիտարկմանը, թե պաշտոնական թվերով Հայաստանում 35 տոկոս աղքատություն կա, որի մեծ մասը փաստորեն նպաստ չի ստանում, Մարգարիտա Հակոբյանը պատասխանեց, որ նպաստառուների ցանկի վերանայման արդյունքում չի բացառվում անգամ այս ցուցանիշի փոփոխություն:
«Եթե թիրախավորումը ճիշտ լինի, ցուցանիշն էլ կփոխվի: Ուստի վերանայման գործընթացը առանցքային կարևոր է: Աշխատանքային խմբում մենք էլ ենք ներառված, աշխատանքում ենք այս ուղղությամբ»,- նշեց Հակոբյանը:
Ո՞րն է պատճառը, որ թիրախավորումը սխալ է կատարվում, ինչի՞ արդյունքում են նպաստներ ստանում մարդիկ, ովքեր աղքատ չեն, ապա գրասենյակի տնօրենն ասաց. «Խնդիրները շատ են: Կան սոցիալական աշխատողներ, ովքեր գնահատում են ընտանիքների կարգավիճակը, գնահատում են՝ սոցիալապես անապահո՞վ է տվյալ ընտանիքը, թե ոչ, և նրանք կարող են սխալվել: Մարդիկ դիմում են, սոցիալական աշխատողը գնահատում է կարիքավորներին, որոշում է կայացվում: Կա սուբյեկտիվ գործոն, որ աշխատակիցը կարող է ընդառաջել: Կան նաև կոռուպցիոն գործոններ, կա ծանոթ-բարեկամ շղթան, որը գործում է: Սա կոմպլեքս խնդիր է: Թափանցիկություն է հարկավոր, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը մեղմվեն, ընտրվեն մարդիկ, ովքեր իսկապես ծայրահեղ աղքատ են»,- շեշտեց Մարգարիտա Հակոբյանը:
Այսպիսով, ըստ հետազոտության, եթե որպես համակարգի շահառուներ դիտարկենք բոլոր աղքատներին, ապա չընդգրկման սխալը կկազմի 73 տոկոս, այսինքն` 2015-ին աղքատների 73 տոկոսն ընդգրկված չի եղել համակարգում: Չընդգրկման սխալը շատ աղքատների համար կազմում է 63 տոկոս, իսկ միայն ծայրահեղ աղքատների համար` 56 տոկոս: Այսինքն` ծայրահեղ աղքատների նվազագույնը 56 տոկոսը չի օգտվում նպաստների ծրագրից: Ինչ վերաբերում է ընդգրկման սխալին, ապա բոլոր աղքատների համար այն 2015թ. կազմել է 43,8 տոկոս, շատ աղքատների համար` 75 տոկոս, ծայրահեղ աղքատների համար` 95 տոկոս: Ասել է թե՝ համակարգում ընդգրկվածների 95 տոկոսը ծայրահեղ աղքատներ չեն:










