Դեֆեկտային ալմաստից ստեղծվել է աշխարհի ամենափոքր ռադիոընդունիչը (ձայնագրություն)

14:36 • 19.12.16

Հարվարդի համալսարանի ինժեներական և կիրառական գիտությունների դպրոցի մի խումբ գիտնականների հաջողվել է վարդագույն ալմաստի մեջ ստեղծել աշխարհի ամենափոքր ռադիոընդունիչը, հաղորդում է Motherboard-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ռադիոհաղորդիչն աշխատում է շնորհիվ հատուկ դեֆեկտի` NV-կենտրոնի, որը կազմավորվում է ալմաստի բյուրեղային վանդակում, երբ ածխածնի ատոմներից մեկը փոխարինվում է ազոտով:

Նշվում է, որ ռադիոն հագեցած է բոլոր հիմնական տարրերով, որոնք առկա են դասական ռադիոընդունիչներում` սնման աղբյուր, ընդունիչ, էլեկտրամագնիսական ալիքներից էլեկտրական հոսանքի փոխակերպիչ, թյուներ և բարձրախոս:

Մասնագետները հայտնել են, որ իրենց սարքն աներևակայելիորեն դիմացկուն է և ի վիճակի է աշխատել խիստ պայմաններում: Այսպես, օրինակ, սարքը կարող է երաժշտություն նվագարկել ավելի քան 350 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Այժմ գիտնականները մտադիր են շարունակել ալմաստի այլ դեֆեկտների ուսումնասիրությունը՝ ռադիոալիքների հետ փոխազդեցության համար:

 

Դեֆեկտային ալմաստից ստեղծվել է աշխարհի ամենափոքր ռադիոընդունիչը (ձայնագրություն)