2016-ին երևաց, որ ամենավտանգավոր բանը թշնամիներին թերագնահատելն է ու դաշնակիցներին գերագնահատելը. ադրբեջանագետ (տեսանյութ)

14:06 • 19.12.16

2016թ.-ի զարգացումները եկան փաստելու, որ անգամ ընթացող բանակցային գործընթացը ի զորու չէ ապահովել հրադադարի ռեժիմը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։ Ըստ նրա՝ հակառակորդը ցույց տվեց, որ պատերազմի վերսկսումը որպես խաղաքարտ կարող է օգտագործել ներքին խնդիրները լուծելու համար, ինչպես եղավ ապրիլին։

«2016թ-ը եկավ փաստելու, որ եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստվես պատերազմի, 2016-ին ևս երևաց, որ ամենավտանգավոր բանը թշնամիներին թերագնահատելն է ու դաշնակիցներին գերագնահատելը»,-մանրամասնեց նա։

Ադրբեջանագետի խոսքով՝ 2017 թ-ին ևս պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացումների, չնայած նրան, որ կարող է բանակցային գործընթացում ակտիվություն լինել. դրան զուգընթաց՝ Ադրբեջանը շարունակում է ռազմական համագործակցության ընդլայնումը նաև Իսրայելի հետ, ինչը ևս պատահական չէ։

Տաթև Հայրապետյանի խոսքով՝ այժմ Ադրբեջանի քաղաքական էլիտան փորձում է փոխել նաև իր խավիարային դիվանագիտությունը, տեղեկատվական պատերազմի մեջ օգտագործվում են նաև ՀՀ քաղաքացիները, որոնք Ադրբեջան գնալու որոշում են կայացրել։

«Առաջինը՝ Ադրբեջանը փորձում է աշխարհին ցույց տալ, որ ինքը շատ հանդուրժող է։ Երկրորդ նպատակը ՝որ ստիպի հայկական հասարակության ներսում մենք մեր մեջ դավաճաններ փնտրենք»,-ընդգծեց բանախոսը։

Ադրբեջանագետն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Հայ ազգային կոնգրես»-ի համագումարի ընթացքում հնչեցրած հայտարարությանը, որ ԼՂ հակամարտության կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի, եթե չկա խաղաղություն, բարօրություն լինել չի կարող: Տաթև Հայրապետյանի խոսքով ՝1994 թ-ից հետո իրավիճակ է փոխվել, ուստի Տեր-Պետրոսյանի մոտեցումները, թեզերը խնդրի կարգավորման շուրջ իրատեսական և ճիշտ չեն։

«Լևոն Տեր-Պետրոսյանի թեզերը նորություն չեն, հայտնի թեզերի հերթական անգամ ասպարեզ նետումն էր»,-ասաց նա։