«Ժառանգությունում» պարտվողական տրամադրություն չկա, ընդհակառակը`նույնիսկ զարմանալիորեն մեծ վստահություն է նկատվում. Սուսաննա Մուրադյան
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, թե չնայած արդեն իսկ ձևավորվող նախընտրական դաշինքներին՝ «Ժառանգությունը» չի կարելի ասել, որ հապաղում է: Ըստ նրա, «Ժառանգությունում» պարտվողական տրամադրություններ չկան: «Ընդհակառակը` նույնիսկ մեկ-մեկ զարմանալիորեն մեծ վստահություն է նկատվում, որովհետև եթե պահը գա, մենք սիրով և հաճույքով կգնանք առանձին: Այսինքն՝ եթե գաղափարակից ծրագրային համընկնումներ չլինեն որևէ կուսակցության հետ դաշինք կազմելու համար, ապա սիրով և առանց կաշկանդվելու կգնանք առանձին»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ ինքը կոնկրետ կողմ է ավելի լայն ճակատով ընտրություններին մասնակցելուն:
- Տիկին Մուրադյան, իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլի այն հրապարակումները, որ «Ժառանգությունում » պարտվողական տրամադրություններ են, իսկ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկանում ակտիվ դերակատարում ունենալ և հակված է կուսակցության լիդերներին ու ակտիվ դեմքերից մեկին տեղավորել «Ազատ դեմոկրատներում», մյուսին «Համախմբում» կուսակցությունում, մեկ ուրիշին՝ ԲՀԿ-ում և այլն:
- Առաջին հերթին՝ «Ժառանգությունում» ես չեմ զգացել որևէ պարտվողական տրամադրություն, ընդհակառակը՝ նույնիսկ մեկ-մեկ զարմանալիորեն մեծ վստահություն է նկատվում, որովհետև եթե պահը գա մենք սիրով և հաճույքով կգնանք առանձին: Այսինքն՝ եթե գաղափարակից ծրագրային համընկնումներ չլինեն որևէ կուսակցության հետ դաշինք կազմելու համար, ապա սիրով և առանց կաշկանդվելու կգնանք առանձին: Բայց պարտվողական տրամադրություն հաստատ չկա: Ինչ վերաբերում է «Ազատ դեմոկրատներում» տեղավորվելուն, դա արդեն աբսուրդի ժանրից է: Ինձ համար «Ազատ դեմոկրատները» կուսակցություն չի, այլ մի խումբ մարդիկ են: Երբ մենք մարզերում ենք լինում, հետաքրքրվում ենք, որ կուսակցությունները մարզերում կառույցներ ունեն, որտեղ Ազատ դեմոկրատաներն ընդհանրապես չեն հիշատակվում:
-Այսինքն՝ եթե «Ազատ դեմոկրատների» հետ վստահորեն բացառում եք, նշանակո՞ւմ է, որ «Համախմբման» և ԲՀԿ-ի հետ այդուհանդերձ հնարավոր է դաշինք կազմել:
- Չգիտեմ, որովհետև մեր վարչությունը, որի անդամ եմ նաև ես, ինչպես նաև Կանանց խորհրդի նախագահը, դեռևս որևէ որոշում չի կայացրել։ Եթե կայացվեր՝ ես հարյուր տոկոսով կմասնակցեի ու կիմանայի՝ առնվազն քվեարկությամբ: Ուզում եմ ասել, որ վաղ է «Ժառանգության» հետ կապված դաշինքների մասին խոսելը: Այս պահին բանակցություններ գնում են, բանակցողներից Րաֆֆի Հովհաննիսյանն է, Արմեն Մարտիրոսյանը, ովքեր պարբերաբար վարչությանը զեկուցում են բանակցությունների արդյունքների մասին, բայց այս պահին չկա որևէ որոշում:
- Տիկի՛ն Մուրադյան, արդեն ոչ պաշտոնապես, բայց նախընտրական փուլ է։ Չեք՞ կարծում, որ «Ժառանգությունը» հապաղում է, մարդիկ արդեն նախընտրական դաշինքներ են կազմում:
- Շտապելն այստեղ, կարծում եմ, սխալ կլինի, որովհետև մենք դաշինքների դառը փորձ ունենք, դրա համար զգույշ ենք:
-Բայց հայտնի է, որ կուսակցությունում տարբեր մոտեցումներ կան, օրինակ՝ Զարուհի Փոստանջյանը կտրականապես դեմ է դաշինքներին, մինչդեռ Արմեն Մարտիրոսյանը, նաև հավանաբար Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցությունների մեջ են, ինչը ենթադրում է, որ ավելի շատ հակված են դաշինքով մասնակցել: Հավանական համարո՞ւմ եք, որ նման տրամադրություններից կուսակցությունը կկանգնի տրոհման շեմին։
-Ոչ, հնարավոր չէ, ոչ ոք չի պատրաստվում լքել «Ժառանգությունը»։ Բոլոր նրանք, ովքեր եղել են իսկական «Ժառանգության» անդամ, նրանք էլ մնացել են: Հիմա պատահաբար մեկ-երկուսի դուրս գալով ռեյտինգը չի ընկնում, ընդհակառակը՝ ինքնամաքրման գործընթաց է գնում: Դա բոլոր կուսակցություններում էլ լինում, ես իրոք կուսակցությունների մասին եմ ասում, որոնք ունեն տարածքային կառույցներ: Դա նորմալ է, որովհետև մենք զոմբի չենք, կարող են լինել տարաձայնություններ, քննարկումների ընթացքում մեկը մի բան է զիջում, մյուսը մեկ այլ բան և գալիս են ընդհանուր եզրակացության:
-Բայց երբ առանցքային անձանց մոտեցումներն են տարբերվում…
- Չէ, այդպես առանցքային տարբերություններ չկան իրենց տեսակետներում, ցցուն տարբերություններ չկան, փոքրիկ տարաձայնություններ են:
-Իսկ կուսակցության շարքերում ի՞նչ տրամադրություններ կան` ընդդիմության հետ միավորվելու առումով:
- Գիտեք՝ կուսակցությունում հստակ կոլեգիալ որոշումներ են կայացվում և փոքրամասնությունը ենթարկվում է մեծամասնությանը: Այսինքն՝ գործում է քվեարկության մեխանիզմը, իսկ երբ կլինի որոշում, սիրով կներկայացնենք հանրությանը: Առարկայական որոշում՝ թե ում հետ ենք բանակցելու, որտեղ, ինչ ենք զիջելու՝ դեռևս չկա: Անձամբ ես կարծում եմ, որ որոշ նախընտրություններ պետք է զիջել, որպեսզի կարողանանք ընդհանուր ճակատով գնալ և նպատակը լինի այս ապօրինի իշխանություններից ազատվելը: Իմ անձնական կարծիքով՝ փոքրիկ տարաձայնությունները ներսում էլ, ընդդիմադիր կամ այլընտրանքային այլ կուսակցությունների հետ էլ պետք է մի կողմ դնել և լեգիտիմ ընտրություններից հետո պայքարել իրար դեմ՝ այս կամ այն առաջնահերթությունն առաջ տանելու համար:
-Իսկ ընտրության ձևաչափի մասին վերջնական որոշում ե՞րբ կկայացվի:
-Շուտով։ Մեր կուսակցության ղեկավարը կուսակցական աշխատանքների պատճառով այս պահին հանրապետությունում չէ, շուտով կգա, և մեր վերջական որոշման մասին տեղյակ կպահենք:










