Բեռլինի ահաբեկիչն ազատության մեջ է, ոստիկանությունը սխալ մարդու է ձերբակալել. Die Welt
Բեռլինի ոստիկանությունը ձերբակալել է մարդու, ով ներգրավված չի եղել դեկտեմբերի 19-ին սուրբծննդյան տոնավաճառում իրականացված ահաբեկչությանը: Այդ մասին պատմել են Die Welt-ի աղբյուրները:
Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքերով՝ իրական հանցագործը մինչ այժմ ազատության մեջ է մնում, նա զինված է:
«Մենք սխալ մարդու ենք ձերբակալել: Եվ նոր խնդիր է առաջանում: Իրական հանցագործը զենքով ազատության մեջ է և կարող է ևս մի բան անել»,- հայտարարել է լրատվամիջոցի զրուցակիցը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ի երեկոյան տղամարդը Scania բեռնատարով մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառում հավաքված ամբոխի մեջ՝ խլելով 12 մարդու կյանք: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ երեկ երեկոյան Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցածն ահաբեկչություն է:










