Ռուս դեսպանի սպանությունից հետո Իրանը փակել է Թուրքիայում հյուպատոսարանները
Իրանի իշխանությունների հրամանով այսօր փակվել են երկրի՝ Թուրքիայի տարածքում գործող հյուպատոսարանները, ինչը պայմանավորված է երեկ Անկարայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի դեմ իրագործված մահափորձով:
«Դեկտեմբերի 20-ին կփակվեն Ստամբուլում, Տրապիզոնում և Էրզրումում գործող իրանական հյուպատոսարանները: Մենք կոչ են անում բոլոր իրանցիներին խուսափել թվարկած վայրերն այցելելուց»,-մեջբերում է Al Arabiya-ն Անկարայում Իրանի դեսպանատան տարածած հայտարարությունից մի հատված:
Աղբյուրը հավելում է, որ ՌԴ դեսպանի սպանությունն իրագործվել է Մոսկվայում ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի արտագործնախարարների հանդիպման նախօրեին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ մահափորձն իրականացվել է լուսանկարչական ֆոտոմրցույթի ժամանակ: Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը նախքան այդ 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում, ոչնչացվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է երեկ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության դեպքը՝ տեղի ունեցածը «սադրանք» որակելով:
«Ողբերգական բոթ է ստացվել Թուրքիայից, որտեղ ստորաբար սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Գենադիի Կառլովը: Տեղի ունեցած հանցագործությունը, անկասկած, սադրանք է, որի նպատակն է ձախողել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացը: Տեղի ունեցածի պատասխանը կարող է լինել միայն մեկը՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը, ինչը, հանցագործները սեփական մաշկի վրա կզգան»,-ասել է Պուտինը:










