ՌԴ դեսպանատան առջև հարգանքի տուրք են մատուցում սպանված դեսպանի հիշատակին (լուսանկարներ, տեսանյութ)

15:06 • 20.12.16

ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները հավաքվել էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առաջ` հարգանքի տուրք մատուցելու երեկ  Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի հիշատակին։

Հիշեցնենք, որ երեկ Անկարայում ՌԴ դեսպանը ահաբեկչական գործողության զոհ էր դարձել. թուրք ոստիկանը նրա ուղղությամբ կրակել էր թիկունքից՝ այն պահին, երբ դեսպանը ելույթ էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» խորագրով ցուցահանդեսի ընթացքում։

Արգամ Արշակյանի կարծիքով` Ռուսաստանի դեսպանի սպանությունն արձագանքն էր Թուրքիայի կողմից ահաբեկչական գործունեության ֆինանսավորման: «Թուրքիան, լինելով ահաբեկչություն ոչ միայն ֆինանսավորող, այլ նաև իրականացնող երկիր, չմոռանանք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, այսօր ինքն է կամաց-կամաց թաթախվում ահաբեկչության ճիրաններում և դա միանշանակ աշխատելու է Թուրքիայի պետության դեմ»,-ասաց նա:

Մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը նշեց, որ ներկա են գրեթե բոլոր համալսարանի ուսանողները, երիտասարդական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Նա մեջբերեց ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի խոսքը, որ այս սպանությունը չի որակել որպես թուրքական իշխանությունների կողմից քայլ, այլ դիտարկվում է ավելի շուտ սադրանք ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման համար: «Ես անձամբ կարծում եմ, որ դա թուրք իշխանությունների դեմ քայլ չէ, այլ սադրանք է»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան առաջ ևս երիտասարդներ են հավաքվել, ովքեր հարգանքի տուրք են մատուցում երեկ Գերմանիայում ահաբեկիչ վարորդի կողմից սպանված 12 զոհերի հիշատակին:


Նշենք, որ զուգահեռ զորակցության ակցիա է տեղի ունենում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան առաջ, որտեղ հավաքվածները հարգանքի տուրք են մատուցում երեկ Գերմանիայում ահաբեկիչ վարորդի կողմից սպանված 12 զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ երեկ Բեռլինում բեռնատարը մխրճվել էր Սուրբ ծննդյան տոնավաճառում հավաքված բազմության մեջ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։