Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը շոկ էր. Սերգեյ Կրիվենկո

21:29 • 20.12.16

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանի հրապարակային սպանության միջադեպին քաղաքական գնահատական տալը դեռ վաղ է: 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի իրավապաշտպան, «Մեմորիալ» միջազգային խմբի անդամ Սերգեյ Կրիվենկոն:

«Տեղի ունեցածն անթույլատրելի հանցագործություն էր: Դեսպանը Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչն էր Թուրքիայում, ուստի այստեղ բոլորը շոկի մեջ են: Չեմ հիշում, որ նման բան տեղի ունեցած լիներ...»,- նշեց Կրիվենկոն:

Իրավապաշտպանի խոսքով՝ վարկածները, թե ինչու սպանվեց դեսպանը, դեռևս հայտնի չէ, կան վարկածներ, որոնք հարցեր են առաջացնում:

«Որքան վարկածներ, այնքան անպատասխան հարցեր... Ռուսաստանի համար տեղի ունեցածը շոկ էր, բայց հույս ունեմ, որ ՌԴ-ից տրվող պատասխանը չի հանգեցնի արյան, բռնության»,- մանրամասնեց Սերգեյ Կրիվենկոն:

Հարցին՝ իրավական ի՞նչ ընթացակարգ է սպասվում Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը, իրավապաշտպանը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ինչ հանգամանքներում, ինչ պատճառներով է նա սպանվել, ինչ նպատակով:

«Եթե թուրքական իշխանությունները ներքաշված են այս սպանության մեջ, սա այլ հարց է, եթե սպանողը այլ դրդապատճառներ է ունեցել, մեկ այլ հարց է: Սա կախված է նրանից, թե ով է սպանության հեղինակը, ովքեր են կանգնած սրա հետևում, ինչ ուժեր են հովանավորում սա, հովանավորում են, թե ոչ...»,- շեշտեց Կրիվենկոն: