Ադրբեջանը ԼՂ այցելած բլոգերին ձերբակալելու պահանջով փորձում է վախեցնել Արցախ այցելել ցանկացողներին. կարծիքներ
Երկու օր է՝ միանգամից 3 երկրների ինտերնետային հանրությունը քննարկում է ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսում Ադրբեջանի պահանջով կալանավորելու և նրան Բաքվին արտահանձնելու հարցերը:
Լապշինը, ով Իսրայելի քաղաքացի է, երկար տարիներ է, ինչ վարում է ճամփորդական բլոգ. նա գրել է բլոգեր, կատարել գրառումներ, տեղադրել լուսանկարներ շուրջ 120 երկրներում կատարած այցերից:
Վերջինս, ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեսակետների համաձայն, ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով: Հայտնի է, որ Ադրբեջանն այսպես կոչված «սև ցուցակ» ունի, որտեղ ներառված են բոլոր նրանք, ովքեր այցելել են Արցախ, այդ թվում՝ դիվանագետներ, պետությունների ղեկավարներ, հայտնի արտիստներ և այլն: Լապշինը նրանցից մեկն էր:
2011-2012թթ.-ին Լեռնային Ղարաբաղ այցելելուց և «սև ցուցակում» հայտնվելուց հետո Լապշինն այցելել է Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Ադրբեջանական հատուկ ծառայությունները նրան չեն իդենտիֆիկացրել, քանի որ «Ալեքսանդր»-ի փոխարեն ուկրաինական անձնագրում նշված է եղել «Օլեքսանդր» և թույլ են տվել նրան 2-րդ անգամ մտնել Ադրբեջան:
Այնինչ, իսրայելական «Haaretz»-ում տպագրված հոդվածում ասված է, որ Կապշինը քննադատական հոդվածներ է տպագրել Բաքու այցելելու ընթացքում, քննադատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հենց այդ պատճառով է ձերբակալվել:
Ծանոթանալով Ալեքսանդր Լապշինի բլոգին՝ գտանք գրառումներ, որտեղ վերջինս քննադատել է մասնավորապես Բաքվին հարակից գյուղերում տիրող իրավիճակը, գրառում է կատարել «Այս երկրից շուտափույթ փախչել է պետք» վերնագրով, հոդված գրել նաև այն մասին, որ ԼՂՀ այցելելուց հետո իրեն հայկական հետախուզության համար աշխատելու մեջ են մեղադրել:
«Ադրբեջանական ԶԼՄ-ներում գրվեց այն մասին, որ ես աշխատում եմ հայկական հետախուզության համար և, առհասարակ, որ ես միջազգային ահաբեկիչ եմ, չարագործ, ադրբեջանական պետականության քայքայիչը»,- գրել էր Լապշինը:
Մեկ այլ բլոգում էլ վերջինս հեգնել էր Ադրբեջանի սահմանապահներին, թե «այնքան համառ են անձնագրերում փնտրում հայկական ազգանուններ, որոնք «յան»-ով են վերջանում, որ մոռանում են անձնագրի լուսանկարը համեմատել իրական դեմքի հետ», ուստի ինքը, լինելով «սև ցուցակում», կարողացել է առանց դժվարությունների հատել սահմանը:
Երեկվանից Իսրայելի իշխանությունները բանակցություններ են վարում Ադրբեջանի հետ, որպեսզի պաշտոնական Բաքուն հրաժարվի Լապշինին իրենց արտահանձնելու պահանջից: Բլոգերի հարազատներն անհանգստացած են, որ Բաքվում նրա կյանքին վտանգ է սպառնում: Իսրայելի իշխանությունները հորդորում են Բելառուսին որևէ կերպ չհանձնել Լապշինին Ադրբեջանին:
Այս պահին Լապշինի դեմ քրեական գործ է հարուցված «Հանրային կոչեր պետության դեմ» հոդվածով:
Տեղի ունեցածը կարող է ազդել Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների, ինչպես նաև՝ Բելառուսի և Իսրայելի հարաբերությունների վատթարացման վրա, սա նաև ադրբեջանական քարոզչության դրսևորում է Հայաստանի և հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս կարծիքին են հայաստանյան բլոգերներ Տիգրան Քոչարյանն ու Սամվել Մարտիրոսյանը:
Tert.am-ի հետ զրույցում Տիգրան Քոչարյանն ասաց, որ այսպիսով, Ադրբեջանը փորձում է վախեցնել բոլոր նրանց, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ, իսկ Լապշինն այն մարդկանցից է, ով բավական մեծ թվով ընթերցողներ ու հետևորդներ ունեն:
«Լապշինին մեղադրում են նրա մեջ, լինելով «սև ցուցակում»՝ ամեն դեպքում կրկին հատել է սահմանը, այսինքն՝ խաբել է ադրբեջանական հատուկ ծառայություններին: Բացի այդ, Ադրբեջանում նրան մեղադրում են սեպարատիզմի կոչի համար: Այնինչ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այցելել Արցախ, չպետք է սրանից վախենան»,-նշեց Քոչարյանը:
Բլոգերը շեշտեց, որ տեղի ունեցածը նաև նախադեպային է, որովհետև «սև ցուցակում» ընդգրկված անձանց հանդեպ նախկինում քրեական գործ չի հարուցվել: Բացի այդ՝ Ադրբեջանը արտահանձման պահանջ է ներկայացրել ոչ թե այն երկրին, որի քաղաքացի է Լապշինը, այլ՝ մի 3-րդ երկրի, որը, ի դեպ, լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ և կարող է արտահանձնել բլոգերին «լավություն անելու համար»:
«Այս գործի հետ կապված վատ իմիջ, հեղինակություն է ձևավորվում Ադրբեջանի նկատմամբ: Շատերը իդեոտիզմ են որակում ադրբեջանական իշխանությունների պահանջները: Վատ հեղինակություն է ձևավորվում նաև Բելառուսի նկատմամբ, որը կարող է ճանապարհորդ բլոգերին ձերբակալել ու հանձնել Բաքվին»,- շեշտեց Տիգրան Քոչարյանը:
Հայաստանցի մեկ ալ բլոգեր՝ Սամվել Մարտիրոսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ակնհայտ է՝ տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացված «հատուկ օպերացիա է»:
«Լապշինը հայտնի է իր ճանապարհորդություններով: Ձերբակալվելուց առաջ նա եղել է մի շարք երկրներում: Եթե Ադրբեջանը ցանկանար, կարող էր դա անել մինչ այս, ոչ թե հենց Բելառուսում: Այնպես որ, կարծում եմ, որ ներքին համաձայնություն այս առումով պետությունների միջև եղել է»,- շեշտեց Մարտիրոսյանը:
Ըստ բլոգերի՝ Լապշինի դեպքը տարբերվում է «սև ցուցակում» հայտնված այլ անձանցից, քանի որ դրանից հետո վերջինս կրկին այցելել է Բաքու, այսպիսով՝ «ֆռռացնելով նրանց»:
«Նրան հետապնդում են իր գրառումների համար: Սա խոսքի ազատության դեմ ոտնձգություն է, որին օժանդակում են Բելառուսի իշխանությունները: Չեմ կարծում, որ այս հարցը այդքան հեշտ լուծվի: Նա Իսրայելի քաղաքացի է և ձերբակալվել է Իսրայելի նախագահի՝ Բաքու կատարած այցից հետո: Ուստի իսրայելական մամուլում սա դիտարկվում է թշնամական քայլ նրա նկատմամբ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:










