Մուսուլման աղջիկը հրաժարվել է սեղմել Գերմանիայի նախագահի ձեռքը (տեսանյութ)
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն անհարմար դրության մեջ է հայտնվել, երբ Օֆենբախ քաղաքի դպրոցներից մեկում ցանկացել է սեղմել մուսուլման աշակերտուհու ձեռքը, իսկ վերջինս հրաժարվել է:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նախագահն այցելել է դպրոց, որտեղ գովել է տեղի աշակերտներին փախստականների հետ հեշտ մերվելու ու նրանց գերմանական մշակույթին հաղորդակից դարձնելուն ուղղված ջանքերի համար:
Հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է նախագահը պետական մեքենայով ժամանում դպրոց, որտեղ նրան սպասում են աշակերտները: Այն պահին, երբ Գաուկը մոտենում է շարքով կանգնած աշակերտներին ու սկսում նրանցից յուրաքանչյուրին ձեռքով բարևել, կանգնածներից մեկը՝ հիջաբով աղջիկը, արագորեն ձեռքը հետ է քաշում:
Հասկանալով, որ աղջիկն իրեն չի պատրաստվում բարևել, Գերմանիայի նախագահը նայել է նրան, ժպտացել ու առաջ անցել:











