Ես չեմ սիրում, երբ մեջքին են կրակում. ՌԴ ԱԳՆ-ն նկար է հրապարակել Facebook-ում
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը Facebook-ի իր էջում հրապարակել է Անկարայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի նկարը՝ հետևյալ գրությամբ. «Ես չեմ սիրում, երբ մեջքին են կրակում»:
Լուսանկարում երևում է Կառլովը, իսկ հետևի ֆոնին՝ նրան րոպեներ անց սպանող անձը: Այդ նկարով իր էջում կիսվել է նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Վճռականորեն դատապարտում ենք այդ անմարդկային հանցագործությունը, որի նպատակն է տապալել Սիրիայում քաղաքական կարգավորման շուտափույթ ձեռքբերմանն ուղղված հավաքական ջանքերը, ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- ասված է նկարն ուղեկցող Արտգործնախարարության հայտարարությունում:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Ռուսաստանն ակնկալում է Թուրքիայի իշխանություններից սերտ համագործակցություն Ռուսաստանի քննչական մարմինների ներկայացուցիչների հետ՝ հանցագործության բոլոր հանգամանքների մանրամասն հետաքննություն անցկացնելու, դրա կազմակերպիչներին հայտնաբերելու և պատժելու, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների, ռուսական հաստատությունների և դրանց անձնակազմի անվտանգության ապահովման հարցում:











