Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին

15:30 • 20.12.16

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ. այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչությունը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով նրանց ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: