Ընտրական կոլեգիան Թրամփին ընտրել է ԱՄՆ նախագահի պաշտոնում

08:59 • 20.12.16

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրությունների 2-րդ փուլի շրջանակում հավաքել է ընտրական կոլեգիայի անդամների անհրաժեշտ 270 ձայնն ու ամրագրել իր վերջնական հաղթանակը:


Այս մասին հայտնում է CNN-ը՝ հավելելով, որ ընտրիչների քվեարկության արդյունքները պաշտոնապես կգրանցվեն հունվարի 6-ին՝ ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատների համատեղ նիստի ժամանակ:


Ուշագրավ է այն փաստը, որ Վաշինգտոն նահանգում, որտեղ ընտրությունների առաջին փուլի ժամանակ ընտրիչներն իրենց ձայնը տվել էին դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին, տեղի է ունեցել դեպքերի անակնկալ զարգացում: Ընտրիչներից 4-ը հրաժարվել են այս անգամ նորից քվեարկել նախկին պետքարտուղարի օգտին: Աղբյուրը նկատում է, որ սա 1872թ. ի վեր առաջին դեպքն է, երբ 1-ից ավելի ընտրիչ քվեարկության 2-րդ փուլում փոխում է իր որոշումը:


Մինչդեռ NBC News-ը հավելում է, որ 70-ամյա միլիարդատերն արդեն մեկնաբանել է ընտրական կոլեգիայի քվեարկության արդյունքը՝ այն որակելով որպես «ժողովրդավարության հաղթանակ»:


«Այսօր մենք տոնում ենք մեր երկրում ժողովրդավարության պատմական համոզիչ հաղթանակը: Ես քրտանաջան կաշխատեմ, որպեսզի միավորեմ մեր երկիրն ու լինեմ բոլոր ամերիկացիների նախագահը: Միասին մենք կրկին Ամերիկան հզոր կդարձնենք»,-նշվում է Թրամփի տարածած հայտարարությունում:


Բացի այդ, նորընտիր նախագահը մեկ այլ հայտարարություն է արել Twitter սոցկայքի միջոցով՝ շնորհակալություն հայտնելով իր բոլոր աջակիցներին նախագահական ընտրություններում պաշտոնապես հաղթելու համար:


Հիշեցնենք, որ Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: