«Անբարեխիղճ» ընտրիչների շնորհիվ Թրամփն ամրապնդել է իր հաղթանակը. РИА Новости

10:18 • 20.12.16

ԱՄՆ նախագահի ընտրությունների գործընթացի կարևորագույն փուլերից մեկը երկուշաբթի ավարտվել է երկդարյա ռեկորդով. յոթ ընտրիչներ քվեարկել են իրենց ընտրողների կամքին հակառակ, ինչն առավելագույն ցուցանիշն է դարձել 1836 թվականից ի վեր: Ընդ որում՝ հակառակ սպասումների՝ «անբարեխիղճ» ընտրիչները միայն ամրապնդել են Թրամփի դիրքերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


ԱՄՆ բոլոր 50 նահանգներից 538 ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքներով պարզվել է, որ յոթ ընտրիչներն իրենց ձայնը տվել են ոչ թե իրենց նահանգում նախագահական արշավի հաղթողի, այլ մյուս թեկնածուի օգտին:


«Անբարեխիղճ» ընտրիչներից չորսը ներկայացրել են Վաշինգտոն նահանգը, մեկը՝  Հավայիները (երկու նահանգներում հաղթել է Քլինթոնը), իսկ երկուսը՝ Տեխասը, որտեղ հաղթել է Թրամփը:


Եթե նոյեմբերի 8-ի ընտրությունների արդյունքներով Թրամփը պետք է ստանար 306 ընտրիչների ձայնը, իսկ Քլինթոնը՝ 232, ապա երկուշաբթի օրվա քվեարկությունից հետո Թրամփը ստացել է 304, իսկ Քլինթոնը՝ 227, այսինքն՝ Թրամփն ամրապնդել է հաղթանակը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրությունների 2-րդ փուլի շրջանակում հավաքել է ընտրական կոլեգիայի անդամների անհրաժեշտ 270 ձայնն ու ամրագրել իր վերջնական հաղթանակը: Այս մասին հայտնել էր CNN-ը՝ հավելելով, որ ընտրիչների քվեարկության արդյունքները պաշտոնապես կգրանցվեն հունվարի 6-ին՝ ԱՄՆ Կոնգրեսի 2 պալատների համատեղ նիստի ժամանակ: