Հայաստանի և Իրանի միջև արտաքին ապրանքաշրջանառությունը նախատեսվում է հասցնել մոտ 220 մլն դոլարի. Հովհաննես Ազիզյան

13:15 • 21.12.16

Իրանի Իսլամական հանրապետության նախագահի այցի շրջանակներում Երևանում մեկնարկած Հայաստան-Իրան գործարար համաժողովի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համաժողովը բավական օգտակար կարող է լինել հայ և իրանցի գործարարների միջև՝ բիզնես համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից։

«Ակնկալում ենք, որ սա հնարավորություն կտա երկու երկրների միջև ավելացնել առևտրաշրջանառությունն ու երկկողմանի ներդրումների ծավալը»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ իրանական կողմի համար բավական գրավիչ կլինեն դեղագործության ոլորտը, քանի որ Իրանը ունի բավականին զարգացած դեղագործական արդյունաբերություն։

«Այս տեսանկյունից մենք տեսնում ենք հնարավորություն համատեղ ընկերությունների ձևով դեղերը դեպի ԵՏՄ շուկա արտահանելու՝ հաշվի առնելով, որ հունվարի 1-ից գործելու է դեղերի միասնական շուկան»,- ասաց փոխնախարարը։

Վերջինիս խոսքով՝ իրանական կողմը քննարկում է քիմիական որոշակի արտադրությունների համատեղ արտադրությամբ զբաղվելու հեռանկարները, որոնք նույնպես մեծ հնարավորություն ունեն ԵՏՄ շուկա արտահանվելու։

Փոխնախարարը նշեց, որ այս պահի դրությամբ, տարվա կտրվածքով, Հայաստանի և Իրանի միջև արտաքին ապրանքաշրջանառությունը նախատեսվում է հասցնել մոտավորապես 220 մլն դոլարի, որը մոտակա տարիների ընթացքում կկրկնապատկվի։

«Հայաստանից Իրան արտահանումները կազմում եմ մոտ 70-80 մլն դոլար, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը մոտավորապես 150-170 մլն դոլար է կազմում»,- ընդգծեց փոխնախարարը։

Նշենք, որ բիզնես համաժողովին մասնակցում են 160-ից ավելի իրանական և հայկական ընկերություններ։