Թուրքիան էլ, Ռուսաստանն էլ գիտեն, որ դեսպանի սպանության հետևում կանգնած են գյուլենականները. Չավուշօղլուն՝ Քերիին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցի ընթացքում հայտնել է, որ դեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունն իրականացրած թուրք ոստիկանը միանշանակ կապ է ունեցել Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կառլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող Ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի բացմանը:
«Թուրքիան էլ, Ռուսաստանն էլ գիտեն, որ հարձակման հետևում կանգնած են գյուլենականները»,- ասել է Չավուշօղլուն:
Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշի՝ գյուլենական լինելու մասին վարկածն առաջինն ակտիվորեն շրջանառության մեջ է դրել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը: Ֆեթուլլահ Գյուլենը, սակայն, ծիծաղելի է համարել դեսպանին սպանած թուրք ոստիկանի՝ գյուլենական լինելու մասին պնդումները:










