Գյուղնախը դիմել է դատախազություն, որպեսզի գյուղացիներին խաբողները պատժվեն. Ռոբերտ Մակարյան

15:59 • 21.12.16

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով խաղողի մթերումների դիմաց գյուղացիներին կատարվող վճարումներին, ասաց, որ խնդիր կա 2015 թվականի կատարվող վճարումների առումով։ «Այսօրվա դրությամբ գյուղացիական տնտեսություններին պարտք են վեց ընկերություններ, որոնցից մեկը յուրահատուկ դեպք է, իսկ հինգի մոտ պարտքը կազմում է 55,5 միլիոն դրամ, որոնք մինչև տարեվերջ պարտավորվել են գյուղացիների պարտքերը մարել, մեկ-երկու ընկերության տրամադրվելու են վարկեր»,-ասաց նա:

 

Ռոբերտ Մակարյանն առանձնացրեց «Վինար» ընկերությանը, քանի որ այն խնդրահարույց է և գյուղացիները մեկ անգամ չէ, որ իրենց բողոքի ձայնը բարձրացրել են այդ ընկերության  անպատասխանատու գործունեության հետ կապված: «Ըստ ընկերության ղեկավարի հայտարարության՝ ինքը գյուղացիական տնտեսություններին ունի 47 միլիոն դրամի պարտք, սակայն մենք հետամուտ լինելով անվանական հանել ենք ցուցակները և պարզվել է, որ այդ պարտքը փաստացի հասնում է հարյուր միլիոն դրամի: Այդ պարտքը կուտակվել է  ձեռնարկության ղեկավարության անպատասխանատու և անփույթ աշխատանքի պատճառով»,-ասաց նա:

 

Գյուղատնտեսության փոխնախարարն ասաց, որ ընկերության ղեկավարը սկզբում պատճառաբանում էր, թե չի կարողանում իրացնել իր սպիրտը, և մեկ ամիս է ինչ նախարարությունը բանակցություններ էր վարում այլ ընկերությունների հետ, սակայն գործարանատերն անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերեց և հիմա փաստացի սպիրտ չունի:

 

Փոխնախարարի խոսքով՝ հաջողվել է 16 միլիոնի դրամի սպիրտ վաճառել  Պռոշյանի գործարանին, և այդ գումարի չափով էլ  առաջիկա օրերին գյուղացիների պարտքերը կտրվի:

 

«Մենք գումարը չենք էլ տալու «Վինար» ընկերությանը, որովհետև առաջին հերթին նա բանկային հաշիվները կալանքի տակ են, ունի հարկային, վարկային պարտավորություններ: Աշխատանքներ են տարվում նորից սպիրտ ձեռք բերելու ուղղությամբ: Քանի, որ գյուղացիները բազմիցս բողոքել են, սակայն գործնական քայլեր չեն ձեռնարկել խաբողին պատասխանատվության ենթարկելու առումով, գյուղատնտեսության նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը, որպեսզի գյուղացիներին խաբողներն իրենց արժանի պատիժը ստանան: Սա կլինի նաև նախադեպ,  քանի որ նման դեպք չի եղել, որ նախարարությունը միջնորդությամբ հանդես գա, այլ որպես գործընկեր միշտ համագործակցել է վերամշակողների հետ: Սակայն սա բացառիկ դեպք է և կարծում եմ, որ զսպաշապիկ կարող է դառնալ հետագայում անբարեխիղճ մթերողի կամ գնորդի համար»,-ասաց նա:

 

Ռոբերտ Մակարյանն ասաց, որ պետք է գյուղացիների իրավագիտակցությունը բարձրանա,  որպեսզի իրենք որպես պայմանագրի կողմ պահանջատեր լինեն: