Հալեպից մինչ այժմ տարհանվել է 30.000 մարդ. Կարմիր խաչ

12:14 • 22.12.16

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ Հալեպում տարհանման գործընթացի մեկնարկից ի վեր հաջողվել է քաղաքի արևելյան շրջաններից դուրս բերել 30.000 մարդու: Այս մասին ասել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը, գրում է gazeta.ru-ն: 

«Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ տարհանված է 30.000 մարդ»,- ասել է Մաուրերն ու հավելել, որ Հալեպի արևելքում դեռևս կան բազմաթիվ մարդիկ, որոնք ցանկանում են լքել քաղաքը և որ Կարմիր խաչը կշարունակի տարհանման գործընթացը, քանի դեռ կա դրա անհրաժեշտությունը: 

Ըստ Մաուրերի՝ տարհանման գործընթացը կարող է տևել ևս մի քանի օր:

Կարմիր խաչը պատրաստակամություն է հայտնել օգնել նաև Ֆուայի և Քեֆրայայի շրջաններից տարհանվածներին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին սիրիական բանակի կողմից Հալեպի ազատագրումից հետո դեկտեմբերի 15-ից սիրիական Կարմիր Մահիկի հսկողությամբ սկսվել է գրոհայինների և նրանց ընտանիքների դուրսբերման գործընթացը: