Ստեղծվելիք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն այն հարթակն է, որտեղ ձևավորվելու է զարգացման մեր տեսլականը. ՀՀ վարչապետ
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու և գործադիր տնօրեն նշանակելու մասին նախագիծը:
Նա ասաց, որ ստեղծվելու է նաև հոգաբարձուների խորհուրդ և ի պաշտոնե Հոգաբարձուների խորհրդի անդամ են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:
Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներից 2-ը նշանակվում են ՀՀ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ Գործադիր տնօրենի առաջադրմամբ, 6-ը՝ մասնավոր հատվածից:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ այս կենտրոնի ստեղծումը չափազանց կարևորում են:
«Դա այն հարթակն է, որտեղ որ ձևավորվելու է մեր տեսլականը, մեր հորիզոնները, թե ինչպես ենք պատկերացնում երկրի տնտեսության զարգացումները՝ ըստ ոլորտների, մակրոցուցանիշների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման, ինվեստիցիաների և այլն»,-ասաց նա:










