Իրանի նախագահը Հայաստանից մեկնել է Ղազախստան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան, գրում է ղազախական khabar.kz կայքը:
Իրանի առաջնորդին Աստանայի միջազգային օդանավակայանում դիմավորել են Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարար Ժենիս Քասըմբեկը և փոխարտգործնախարար Աքըլբեկ Քամալդինովը:
Նշվում է, որ Հասան Ռոհանին Ղազախստանում հանդիպում կունենա երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ինչպես նաև նախատեսվում են երկու երկրների պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով հանդիպումներ, Իրանի և Ղազախստանի միջև համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում:
Նշենք, որ նախօրեին Հասան Ռոհանին Երևանում հանդիպում էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ ՀՀ նախագահի նստավայրում կայացած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր։










