Մարդինում 5000 տարվա թոնիր և կավագործության սարք է հայտնաբերվել

15:17 • 22.12.16

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական արևմտահայկական Մարդին (հայտնի է նաև Մարդա, Մարդիս, Մերտ պատմական անուններով) նահանգի Դարգեչիտ շրջանի Քոչթեփե գյուղում հնագիտական պեղումների ընթացքում 5000 տարվա թոնիր և կավագործության սարք է հայտնաբերվել։


Ինչպես հաղորդում է թուրքական arkeolojihaber.net կայքը, Մարդինի թանգարանի տնօրեն Նիհաթ Էրդողանը նշել է, որ կավագործության համար նախատեսված նույնանման սարքերով Մարդինում և շրջակա գյուղերում շարունակում են աշխատել մինչ օրս:

Հայտնի է նաև, որ գտնված թոնիրը շարժական չէ, ինչը վկայում է դրա՝ նստակյաց ժողովուրդների մշակույթին պատկանելու մասին:

Մարդին քաղաքը, որը ներկայում համանուն նահանգի կենտրոնն է, Վերին Միջագետքի հին բերդաքաղաքներից էր: Գտնվում էր Եդեսիա և Մծբին քաղաքների միջև, բարձր և ապառաժոտ լեռան զառիվայր լանջին։ 


Ցեղասպանության տարիներին Մարդինից բռնի աքսորվել է 4.663 հայ, իսկ քաղաքի մոտ գտնվող Ռաս էլ Այն (Րասուլ Այն) փոքրիկ բնակավայրում կոտորել են շուրջ 90.000 հայ։

Մարդինում 5000 տարվա թոնիր և կավագործության սարք է հայտնաբերվել