Տիգրան Սարգսյանը և Ղազախստանի նախագահը քննարկել են ԵԱԲՏԽ-ի նիստի օրակարգը

17:40 • 22.12.16

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 22-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի օրակարգը, որը դեկտեմբերի 26-ին տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում: 

Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2016 թվականին ԵԱՏՄ-ում Ղազախստանի նախագահությամբ անդամ պետությունների հետ համատեղ մի շարք կարևոր փաստաթղթեր է պատրաստել եվրասիական ինտեգրացման հետագա զարգացման հարցերի վերաբերյալ:

Դրանք քննարկվելու են առաջիկա նիստում: Օրակարգում են՝ տրանսպորտային քաղաքականության համատեղ կոորդինացման, մաքսային օրենսդրության, էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի ձևավորման հարցերը:

Տիգրան Սարգսյանը Նազարբաևին տեղեկացրել է այն հարցերի ընթացիկ վիճակի մասին, որոնք քննարկվելու են պետությունների ղեկավարների կողմից: