Բելգիայում մահացած է հայտնաբերվել ՆԱՏՕ-ի գլխավոր աուդիտորը. լրատվամիջոցներ

14:55 • 22.12.16

ՆԱՏՕ-ի գլխավոր աուդիտոր Իվ Շանդելոնը մահացած է հայտնաբերվել բելգիական Անդեն քաղաքում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Sudpresse մեդիախմբի ԶԼՄ-ներին:

Լրատվամիջոցների տվյալներով` պաշտոնյան, ամենայն հավանականությամբ, կրակել է ինքն իր վրա, սակայն նրա ընտանիքը կտրականապես հերքում է այդ վարկածը:

Աղբյուրի տվյալներով`60-ամյա Շանդելոնի մարմինը հայտնաբերվել է նրա աշխատավայրից 140 կիլոմետր և նրա բնակության քաղաք հանդիսացող Լենսից 100 կիլոմետր հեռավորության վրա:

Նշվում է, որ պաշտոնյայի անունով գրանցված է եղել երեք միավոր հրազեն, սակայն նրա մարմնի մոտ չգրանցված զենք է հայտնաբերվել, որից իրականացվել է գլխին ուղղված կրակոցը:

ԶԼՄ-ների հաղորդմամբ` Շանդելոնը զբաղվել է, մասնավորապես, ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության հարցերով: Պաշտոնյայի շրջապատի մարդիկ պնդում են, որ նա իրենց հայտնել է «տարօրինակ» զանգեր ստանալու մասին:

Այժմ հետաքննությունը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները: