Երևանի №19 պոլիկլինիկայի բուժաշխատողները նոյեմբեր ամսվա աշխատավարձը դեռևս չեն ստացել. տնօրենը հակառակն է պնդում

20:03 • 23.12.16

Երևանի №19  պոլիկլինիկայում բուժաշխատողները դեռևս նախորդ նոյեմբեր ամսվա աշխատավարձ չեն ստացել: Tert.am-ի հետ զրույցում №19  պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկն, ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ եթե ամեն ամիս ստանում էին ինչպես և օրենքով է նախատեսված մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը, նոյեմբեր ամսվա աշխատավարձը մինչ օրս չի փոխանցվել:   

«Նախատոնական այս շրջանում, երբ պետք է առևտուր անել, աշխատավարձ չեն տալիս, որքանո՞վ է նորմալ»,- ասաց բուժաշխատողը` նշելով, որ բուժաշխատողների մի մասին աշխատավարձ փոխանցվել է, մյուս մասին՝ ոչ:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ չնայած պոլիկլինիկաները Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ են, աշխատավարձերը փոխանցում է Պետական առողջապահության գործակալությունը, որը Առողջապահութան նախարարության ենթակայության տակ է:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից ասացին, որ գումարը փոխանցվել է արդեն և պոլիկլինիկան ինքն է փոխանցում աշխատավարձերը:

№19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը Tert.am-ին ասաց, թե կոնկրետ իրենց բժշկական կառույցը և՛ ֆինանսավորում է ստացել, և՛ աշխատավարձերն ըստ հաշվեհամարների ուղարկված են: Մեր դիտարկմանը, թե ինչպես է, որ մի մասն ասում է՝ ստացել են, մյուս մասը ոչ, տնօրենը բարկացավ. «Ի՞նչ է, դուք բոլորի հաշվեհամարները ստուգե՞լ եք» և նշեց, թե այսօր ժամը 14:00-ին է փոխանցել: «Փոխանցվել է ընթացիկ ամսվա համար, ինչպես օրենսդրական կարգն է»,-ասաց նա:

Տնօրենին հուշեցինք, որ օրենսդրական կարգը մինչև հունվարի 15-ն է, և ոչ թե 23-ը: Սարգսյանը համաձայնեց՝ այո, այս անգամ իրոք ուշացավ: 

Բուժաշխատողներից մեկն էլ ասաց, որ գումար չեն ստացել հիմնականում բժիշկները, որոնց ասել են, թե կստանան երկուշաբթի՝ դեկտեմբերի 26-ին: