Դդմաշենում հայտնաբերվել են տարեց ամուսինների դիերը

10:39 • 23.12.16

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում 9-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսինների՝ Վարդես Խաչատրյանի ու Շուշիկ Խաչատրյանի դիերը: Կինը` Շուշիկ Խաչատրյանը, 88 տարեկան է, և մեկ շաբաթ գտնվել է ահավոր վատ առողջական վիճակում, անգամ հաց չի կերել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Դդմաշենի գյուղապետ Ավետիս Ավետիսյանը՝ հույս հայտնելով, որ կինը մահացելէ բնական մահով:

«Ինքը ահավոր վիճակում էր էս մի շաբաթը, անգամ հաց չէր ուտում… ինսուլտ էր խփած եղել, ամուսինը, չէ, հիվանդ չէր, դե ամեն դեպքում մինչև դատաբժշկի եզրակացությունը չլինի, ոչ ոք ոչ մի բան չի ասի»,-հայտնեց գյուղապետը:

Պատասխանելով հարցին, թե shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տան զննությամբ պարզվել է, որ նույն սենյակում գազատար խողովակից ռետինե խողովակներով միացված է ինքնաշեն գազի սարքավորում, վրան՝ ալյումինե կաթսա, իսկ մեջը կան այրված սննդի մնացորդներ և չի բացառվում, որ ամուսինները ծխախեղդ են եղել, գյուղապետը կասկած հայտնեց առ այն, որ ամուսինները մահացել են թունավորումից. «Որ ասում են՝ գազից է խեղդվել, ախր, իրենց մոտ համ պլիտա կար, համ գազի վառարան»:

Ավետիս Ավետիսյանի տեղեկացմամբ` ամուսիններն ունեն մեկ որդի, որը գտնվում է Ռուսաստանում` արտագնա աշխատանքի և 3 ամուսնացած դուստր: