«Պետությունը չի պաշտպանում աշխատողին, 60 հոգի 1.5 տարի է՝ 5-6 ամսվա աշխատավարձ չի ստանում». Glass World Company-ի աշխատակից

20:43 • 23.12.16

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Glass World Company շշերի գործարանի 60 աշխատակիցներ մինչ այժմ չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը: Խոսքը 5-6 ամսվա աշխատավարձերի մասին է, որը նախկին աշխատակիցները 1,5 տարի չեն կարողանում ստանալ:

Նախկին աշխատակիցները պարբերաբար բողոքի ցույցեր են անում կառավարության շենքի դիմաց։

«Պետությունը չի պաշտպանում աշխատողին: Արդեն 1,5 տարի է՝ չենք կարողանում մեր 5-6 ամսվա աշխատավարձը ստանալ: Կեսի փողը տվեցին ամիսներ առաջ, մնացել ենք 60 հոգի, որ պետք է ստանանք աշխատավարձ, ոչ մի արդյունքի չենք կարողանում հասնենք: Վարչապետին ուղարկած մեր դիմումը վերահասցեագրել էին Արդարադատության նախարարությանը, Արդարադատության նախարարությունից էլ պատասխանել են, որ իրավասու չեն խառնվել մասնավոր ընկերության գործերին, եթե հարցեր ունեք վարչապետի հետ, դիմեք իրեն»,- Tert.am-ի հետ զրույցում դժգոհեց Բյուրեղավանի գործարանի նախկին աշխատակից Հովիկ Բորդյանը, ով ինժեներ է աշխատել ու հիմա անգործ է մնացել Glass World Company-ի 320 աշխատակիցների հետ:

Նշենք, որ Արզնիի բյուրեղապակու գործարանի հիմքի վրա 2004 թվականին ստեղծված Glass World Company ընկերությունն արտադրում էր ապակյա տարաներ՝ հանքային ջրերի, լիմոնադների և այլ ըմպելիքների համար: Գործարանում աշխատանք էր գտել բյուրեղավանցիների մեծ մասը: 2014 թվականին գործարանի աշխատանքները դադարեցվել էին՝ վերանորոգման պատճառաբանությամբ: 2015 թվականի մարտից գործարանը նորից աշխատել է, իսկ 5 ամիս անց կրկին որոշում է կայացվել փակել այն։ Ավելի ուշ գործարանը սնանկ ճանաչվեց՝ վարկերի պատճառով:

Գործարանի փակման պատճառով նախկին որոշ աշխատակիցներ արտագաղթել են:

«Ինչի՞ կառավարությունը պիտի մասնավորին չկարողանա ստիպել, որ մեր փողը տան: 67 տարեկան թոշակառու եմ, Նոր տարի է գալիս, չեմ կարողանում երեխու համար մի բան առնել, դնել սեղանին, ինչի՞ մեր փողը չեն տալիս: Էս տարիքի մարդ, գնամ աշխատեմ, իմ փողը չկարողանա՞մ ստանալ»,- ասաց գործարանի նախկին աշխատակիցը՝ հավելելով, որ 3-րդ կարգի հաշմանդամ է։

«Ինչի՞ պիտի ամիսներով գամ էստեղ: Ինչի՞ ղեկավարությունը չի կարողանում ասել՝ էս մարդկանց փողը տվեք»,-ասաց նա։

Գործարանի գազի նախկին վարպետ, 69-ամյա Հայկազ Գևորգյանի որդին հաշմանդամ է դարձել արցախյան պատերազմի ժամանակ Քելբաջարը գրավելիս:

«Էս պետությունում աշխատողին տեր կանգնող չկա, երեխան մեծանում է, վռազ պետությունը գալիս է, տանում բանակ։ Իմ տղան հաշմանդամ է դարձել Քելբաջարը գրավելու ժամանակ, չնչին թոշակ է ստանում, սկի իր դեղին չի հերիքում: Ես աշխատել եմ, գումար ունեմ, տուր իմ գումարը, ես տանեմ իմ երեխու հոգսը հոգամ»,-ասաց նախկին զինծառայողի հայրը:     

Գործարանի աշխատակցին նաև կասկածելի է թվում ընկերության հանկարծակի սնանկացումը. «Վերցնում են բանկից 10 մլն դոլարի վարկ, ու 3-4 ամսում էդ հիմնարկը սնանկանում է, ո՞նց: Էդ 10 մլն-ն ո՞նց են ծախսում տենց արագ: Ինչ արել, չեն արել, թող բերեն, մեր փողերը տան: Թող վարչապետը վերահսկի»:

Կառավարություն բողոքի գնացած աշխատակիցներն ակնկալում են վարչապետի օգնությունը աշխատավարձերը ստանալու հարցում, քանի որ գործարարնի սնանկացման կառավարիչը հրաժարվել է այդ հարցով զբաղվել: