Ավստրալիայի իշխանությունները հայտնել են Մելբուրնում նախապատրաստվող ահաբեկչություններ կանխելու մասին
Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է մի քանի կասկածյալի, որոնք մեղադրվում են երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մելբուրնում սուրբծննդյան տոնին պայթյունների շարք նախապատրաստելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կասկածյալները, որոնք եղել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման աջակիցներ, հարձակումները պատրաստվում էին իրականացնել «Ֆլինդերս-Սթրիթ» կայարանում, Դաշնության հրապարակում և Սուրբ Պողոսի տաճարում: Այդ մասին հայտնել է Վիկտորիա նահանգի ոստիկանության գլխավոր կոմիսար Գրեմ Էշթոնը:
Խոսքը հինգ հոգուց բաղկացած խմբի մասին է, որոնք «ինքնուրույն են ծայրահեղականացել»: Նրանց մեծ մասն ավստրալացիներ են, մեկը՝ Եգիպտոսից, որ երկար ժամանակ է՝ ապրում է Ավստրալիայում:
Ծայրահեղականները ձերբակալվել են հինգշաբթի և ուրբաթ տեղի ունեցած հատուկ գործողությունների ընթացքում, որոնց մասնակցել է մոտ 400 ոստիկան:
Վիկտորիա նահանգի վարչապետ Դանիել Էնդրյուսը հայտարարել է, որ Սուրբ Ծննդին Մելբուրնի փողոցներում կլինի ուժեղացված ոստիկանական հսկողություն:










