ԱՄՆ-ում ընտրիչներին կտուգանեն 1.000 դոլարով՝ Քլինթոնի օգտին չտված ձայնի համար

09:57 • 23.12.16

Ամերիկյան Վաշինգտոն նահանգի չորս ընտրիչ կտուգանվի 1.000 դոլարով։ Պատճառն այն է, որ նրանք իրենց ձայնը չեն տվել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:


Վաշինգտոն նահանգի քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Ամոնսը հայտնել է, որ այդ ընտրիչները կունենան 60 օր տուգանքը մուծելու համար, այլապես գործը կհասնի դատարան:


Համընդհանուր քվեարկության արդյունքներով՝ Քլինթոնը հաղթել է Վաշինգտոն նահանգում, ինչը նրան բերել է ընտրիչների 12 ձայն: Օրենքը պահանջում է նահանգի ներկայացուցիչներին քվեարկել նրա բնակիչների կամարտահայտման համաձայն: Սակայն դեկտեմբերի 19-ին ընտրիչների կոլեգիայի քվեարկությանը Քլինթոնի օգտին ընտրիչները տվել են միայն 8 ձայն:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահի ընտրությունների գործընթացի կարևորագույն փուլերից մեկը երկուշաբթի ավարտվել է երկդարյա ռեկորդով. յոթ ընտրիչներ քվեարկել են իրենց ընտրողների կամքին հակառակ, ինչն առավելագույն ցուցանիշն է դարձել 1836 թվականից ի վեր: Եթե նոյեմբերի 8-ի ընտրությունների արդյունքներով Թրամփը պետք է ստանար 306 ընտրիչների ձայնը, իսկ Քլինթոնը՝ 232, ապա երկուշաբթի օրվա քվեարկությունից հետո Թրամփը ստացել է 304, իսկ Քլինթոնը՝ 227, այսինքն՝ Թրամփն ամրապնդել է հաղթանակը: