ՌԴ դեսպանի սպանությունը չի խոչընդոտի ռուս-թուրքական հարաբերություններին. Պուտին (տարբերակ 12)

13:02 • 23.12.16

16.58

Վրաստանի հետ անայցագրային ռեժիմի վերադառնալու համար կան բոլոր հիմքերը, մանավանդ որ Վրաստանում որոշակի նշաններ են նկատվում առանձին իշխող շրջանակների կողմից: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ:


«Ցանկանում եմ նշել՝ ինչքան էլ դա պարզունակ հնչի, մենք չենք դրանում մեղավոր, մենք չենք սկսել Հարավային Օսիայում ռազմական գործողությունները»,- նշել է Պուտինը՝ խոսելով ռուս-վրացական հարաբերությունների մասին: Չնայած դրան՝ պետք է մտածել հարաբերությունների կարգավորման մասին, հայտարարել է Պուտինը՝ չբացառելով Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերադառնալու հնարավորությունը:


Ռուսաստանի նախագահը հավելել է, որ շատ կարևոր է նորմալ հարաբերություններ կարգավորել հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների գծով՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարի տեսանկյունից, որպեսզի առանց վիզայի ռեժիմը չվնասի երկրի անվտանգությանը: «Դա բոլորովին հնարավոր է»,- ասել է նա:

 

16.31

Թուրքիայի և Իրանի նախագահները մեծ դեր են խաղացել սիրիական Հալեպի ազատագրման հարցում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսի ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Իսկապես, Հալեպի շուրջ ստեղծված իրավիճակում մեծ դեր են խաղացել Թուրքիայի նախագահը և Իրանի ղեկավարությունը»,- ասել է Պուտինը:


Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության՝ «դա պարզապես անհնարին կլիներ»:

«Այդ պատճառով եռակողմ ձևաչափով այդ ողջ համագործակցությունն, անկասկած, շատ կարևոր դեր է խաղացել Հալեպի շուրջ ստեղծված խնդրի լուծման հարցում: Ընդ որում, ինչը չափազանց կարևոր է, հատկապես վերջին փուլում՝ առանց ռազմական գործողությունների»,- հավելել է Պուտինը:


Նա նշել է նաև, որ Սիրիայում կարգավորումը հնարավոր չէ նաև առանց այնպիսի խաղացողի, ինչպիսին է ԱՄՆ-ն:

«Հալեպի ազատագրումը ժամանակակից աշխարհում ամենախոշոր մարդասիրական ակցիան է, դա չէր կարող ձեռք բերվել առանց թուրքական ղեկավարության, Թուրքիայի նախագահի, Իրանի նախագահի և ողջ իրանական ղեկավարության, և մեր ամենաակտիվ մասնակցության, բայց, բնականաբար, դա չէր կարող ձեռք բերվել նաև առանց բարի կամքի և այն աշխատանքի, որ իրականացրել են Սիրիայի նախագահ Ասադը և նրա աջակիցները: Այդ պատճառով կյանքը, փորձը ցույց տվեց, որ այդ ձևաչափը (Ռուսաստան-Թուրքիա-Իրան) պահանջված է, և մենք իհարկե այն կշարունակենք զարգացնել»,- հայտարարել է Պուտինը:

 

 

16.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության մասին որոշումը կկայացվի, երբ հասունանա ժամանակը: Այդ մասին Վլադիմիր Պուտինը հայտարարել է ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ:


«Ժամանակը կհասունանա, ես կնայեմ, թե ինչ է տեղի ունենում երկրում, աշխարհում, և ելնելով նրանից, թե մենք ինչ ենք արել և թե ինչ կարող ենք անել, ինչպես պետք է անել՝ որոշում կկայացվի հաջորդ ընտրություններին իմ մասնակցության մասին»,- պատասխանել է Պուտինն ընտրություններին մասնակցության մասին «Կոմերսանտ»-ի լրագրողի հարցին:

 

15.53

Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Իրաքի ներքին գործերին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը միշտ լավ հարաբերություններ է ունեցել քուրդ ժողովրդի հետ:Ինչ վերաբերում է քրդերի անկախությանը և ինքնիշխանությանը, Պուտինի կարծիքով՝ պետք է գործել միջազգային իրավունքի շրջանակում: Քուրդ ժողովրդի օրինական իրավունքները, վերջին հաշվով, կապահովվեն, բայց թե ինչ ձևաչափով՝ դա կախված է Իրաքից և հենց քուրդ ժողովրդից, ասել է նա:


«Մենք չենք պատրաստվում միջամտել Իրաքի ներքին գործերին»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը:


Ինչպես նշել է պետության ղեկավարը, քրդական ստորաբաժանումներն արդյունավետ և քաջաբար են կռվում ահաբեկչության դեմ:


«Կարող եմ փաստել, որ քրդական ստորաբաժանումները շատ արիաբար են իրենց պահում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և արդյունավետ են կռվում»,- ասել է Պուտինը:

 

15.06

Անկարայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը չի խանգարի ռուս-թուրքական հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ:


Դա նախևառաջ հարձակում էր Ռուսաստանի վրա, ռուս-թուրքական հարաբերությունների վրա, ասել է Պուտինը՝ նկատի ունենալով դեսպանի սպանությունը:

«Անկեղծ ասեմ, որ ես թերահավատորեն էի վերաբերում այն վարկածին, որ Սու-24 ինքնաթիռը խոցվել է առանց Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հրամանի, այլ ռուս-թուրքական հարաբերությունները վնասել ցանկացող մարդկանց կողմից: Բայց այժմ, հատուկ նշանակության ջոկատի աշխատակցի կողմից Ռուսաստանի դեսպանի վրա իրականացված հարձակումից հետո, ես արդեն սկսում եմ փոխել իմ կարծիքը: Ինձ արդեն թվում է, որ ամեն ինչ հնարավոր է: Կործանարար տարրերի ներթափանցումը պետական կառույցներ, այդ թվում՝ բանակ, իրավապահ մարմիններ, իհարկե, խորը բնույթ ունի»,- ասել է նա:


Պուտինը հավելել է, որ այժմ իրեն իրավունք չի վերապահում սլաքները որոշակի ուղղությամբ ուղղել, ինչ-որ մեկին մեղադրել:


Նախագահը նշել է նաև, որ Ռուսաստանի դեսպանի սպանությունը չի խանգարի ռուս-թուրքական հարաբերություններին, քանի որ Ռուսաստանը գիտակցում է դրանց կարևորությունը:


«Կխանգարի՞ արդյոք դա ռուս-թուրքական հարաբերություններին, ո՛չ, չի՛ խանգարի, որովհետև մենք հասկանում ենք ռուս-թուրքական հարաբերությունների կարևորությունը և ամեն կերպ կձգտենք դրանք զարգացնել: Մեզ հաջողվել է հարաբերությունների կարգավորումից հետո փոխզիջումներ գտնել, և հույս ունենք, որ այդ փոխզիջումները կգտնենք նաև ապագայում»,- նշել է Պուտինը:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանել է 22-ամյա թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթընթաշը։ Նրա ընտանիքն ու ազգականները հարցազրույց են տվել լրատվամիջոցներին:

 

 

14.48

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Կիևին մտածել այն ուղղությամբ, որ ուկրաինական բանակը չհամարվի օկուպանտ սեփական երկրում՝ Դոնբասում: Այդ մասին Ռուսաստանի նախագահն ասել է՝ ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ պատասխանելով ուկրաինական «Ունիան» գործակալության լրագրողի հարցին այն մասին, որ Պուտինի՝ պաշտոնից հեռանալուց հետո, միևնույն է, ուկրաինացիները Ռուսաստանը որպես օկուպանտ են համարելու:


«Լավ կլիներ հասնել նրան, որ Դոնբասում ուկրաինական բանակը չհամարեին օկուպանտ»,- ասել է Պուտինը:


Նա հավելել է, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի երկու կողմերից ազատազրկված անձինք ազատ արձակվեն:

 

14.41

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Ռոնալդ Ռեյգանը կուրախանար, որ իր կուսակցության ներկայացուցիչներն ամեն տեղ հաղթում են, կուրախանար նաև ընտրված նախագահի համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ:

«Հանրապետական ընտրողների 37 տոկոսը համակրում է Ձեզ, և եթե Ռոնալդ Ռեյգանն իմանար, նա շուռ կգար դագաղում»,- «Ռոսիա 24»-ի լրագրողը փոխանցել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի խոսքերն ու փորձել իմանալ Պուտինի կարծիքն այդ մասին:


«Ռեյգանն, ինձ թվում է, կուրախանար, որ իր կուսակցության ներկայացուցիչներն ամեն տեղ հաղթում են, և ավելի կուրախանար ընտրված նախագահի համար, ով շատ լավ զգաց հասարակության տրամադրությունները, աշխատեց այդ ուղղությամբ և գնաց մինչև վերջ: Եվ արդյունքում հաղթեց, չնայած ոչ ոք, մեզանից բացի, չէր հավատում, որ նա կհաղթի»,- ասել է Պուտինը:


Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Ռոնալդ Ռեյգանը դագաղում կշրջվեր, եթե իմանար՝ իր աջակիցներից որքան մարդ է աջակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

 

14.12

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը զգացել է հասարակության տրամադրությունը և նախընտրական արշավում գնացել մինչև վերջ՝ չնայած ոչ ոք չէր հավատում, որ նա կհաղթի՝ մեզանից բացի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ:


Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը փորձում է իր բոլոր ձախողումները բարդել արտաքին գործոնների վրա: Նա հիշեցրել է, որ դեմոկրատները չեն ստացել մեծամասնություն նաև Կոնգրեսի երկու պալատներում:

Նա նշել է, որ Թրամփի օգտին հրաժարվել է քվեարկել երկու ընտրիչ, իսկ Քլինթոնի օգտին՝ չորս: «Բոլոր ճակատներում պարտվել են»,- ասել է Պուտինը:


«Մենք գիտենք, որ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը պարտվել է ոչ միայն նախագահական ընտրություններում, այլև Կոնգրեսի ընտրություններում, որտեղ հանրապետականները մեծամասնություն ունեն: Դրա համար նո՞ւյնպես մենք ենք մեղավոր: Այդ ամենը խոսում է այն մասին, որ ներկայիս վարչակազմը համակարգային խնդիրներ ունի»,- հայտարարել է ՌԴ նախագահը:


Պետք է կարողանալ արժանավայել պարտվել, հավելել է Պուտինը: Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ժողովուրդների փոխադարձ համակրանքի հիման վրա կարելի է կառուցել երկու երկրների միջև սերտ հարաբերություններ:


«Այն հարցում, որ ԱՄՆ-ում հանրապետականները համակրում են Ռուսաստանի նախագահին, ես տեսնում են նշաններ, որ նրանց մոտ համընկնում են աշխարհի կառուցվածքի, արժեքների մասին պատկերացումները մեր պատկերացումների հետ: Դա լավ նախապայման է լավ հարաբերություններ կառուցելու համար»,- հայտարարել է Պուտինը:

 

14.00

Ռուսաստանն ուժեղ է ցանկացած ագրեսորից, և դա այդպես է։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ՝ ևս մեկ անգամ կրկնելով նախօրեին արած հայտարարությունը:


Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այժմ Ռուսաստանն ավելի ուժեղ է ցանկացած պոտենցիալ ագրեսորից` միևնույն ժամանակ զինվորականներին զգաստ մնալու կոչ անելով: Այս հայտարարությունը նախագահն արել էր ՌԴ պաշտպանության նախարարության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:


Պուտինը նշել է, որ ինչ վերաբերում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, նա նախկինում էլ խոսում էր ԱՄՆ-ի պաշտպանական համակարգում միջուկային բաղադրիչի ուժեղացման մասին, ավելի շատ զարմացնում են ԱՄՆ գործող վարչակազմի հայտարարությունները, որոնք սկսել են ապացուցել, որ նրանք ունեն ամենահզոր զինված ուժերը:


Նրա խոսքով՝ Ռուսաստանում ոչ ոք չի վիճում, որ ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենահզոր բանակներից մեկը: «Իսկ Ռուսաստանն ուժեղ է ցանկացած պոտենցիալ ագրեսորից»,- ասել է Պուտինը:


«Պետք է ասեմ, և մենք դա չենք թաքցնում, մենք իսկապես շատ մեծ աշխատանք ենք իրականացրել մեր հրթիռա-միջուկային պոտենցիալի արդիականացման ուղղությամբ»,- նշել է Պուտինը:

 

13.43

The Wall Street Journal-ի լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում, ՌԴ նախագահ Պուտինը կատակել է՝ ասելով. «Ո՞ր երկրում»՝ նկատի ունենալով՝ ԱՄՆ-ո՞ւմ, թե Ռուսաստանո՞ւմ: Լսարանի ծիծաղից հետո նա հավելել է. «Հնարավոր է, բայց նպատակահարմար չէ»: 

 

13.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված առաջին հարցը վերաբերել է Ռուսաստանի տնտեսական վիճակին։ Նախագահը հայտարարել է, որ 2016 թվականին գնաճը կլինի 5,5 տոկոսի մակարդակում, և նշել է, որ դա ռեկորդային ցածր մակարդակ է: 

Ռուսաստանի նախագահը նշել է, որ մակրոտնտեսական ցուցանիշները բարելավվել են:


«Երկրի ՀՆԱ-ի անկումն անցած տարի կազմել է 3,7 տոկոս: Այս տարի ևս ոչ մեծ նվազում է: Ամենայն հավանականությամբ, տարվա կտրվածքով, մենք կունենանք 0,5-0,6 տոկոսի նվազում»,- ասել է երկրի նախագահը:


«Մենք պետք է տնտեսության և արդյունաբերության հետագա աճ ապահովենք: Մեզ մոտ անկում են գործել բնակչության իրական եկամուտները, ինչը հանգեցնում է սպառողական պահանջարկի նվազման և ազդում է ներդրումների վրա»,- ասել է նախագահը:


Պուտինը նաև հավելել է, որ «գրանցվել է համեստ, բայց աշխատավարձի իրական աճ»:

 

 

13.02 Մոսկվայում՝ Միջազգային առևտրի կենտրոնում, սկսվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը, որի ընթացքում նա ավանդաբար պատասխանում է Ռուսաստանի ներքին և միջազգային օրակարգին վերաբերող հարցերին:


Վերջին տարիներին մամուլի ասուլիսը պարբերաբար անցկացվում է հինգշաբթի օրերին, սակայն, ինչպես հաղորդվել է ավելի վաղ, 2016 թվականի ասուլիսը տեղափոխվել է ուրբաթ: Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ դեկտեմբերի 22-ին Պուտինը պետք է մասնակցի Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին նվիրված սգո արարողություններին, ինչի պատճառով նախագահի մեծ մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 23-ին:


Ինչպես հայտնել էր Պեսկովը, մեծ ասուլիսի հիմնական թեման կդառնա սոցիալական ոլորտը: «Ավանդաբար թիվ 1 թեման մեր ներռուսաստանյան կյանքն է: Մեր տնտեսությունը, սոցիալական ոլորտը, շատ հարցեր կլինեն Սիրիայի վերաբերյալ»,- ասել էր Պեսկովը:


Լրագրողների հետ հանդիպումը կդառնա 12-րդը: Միջոցառմանը հավատարմագրվել է ավելի քան 1.400 լրագրող:


Նախորդ ասուլիսը տևել է 3 ժամ 10 րոպե, որի ընթացքում ՌԴ նախագահը պատասխանել է 47 հարցի:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ մահափորձն իրականացվել է երկուշաբթի՝ լուսանկարչական ֆոտոմրցույթի ժամանակ: Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը նախքան այդ 2.5 տարի աշխատել է ոստիկանությունում, ոչնչացվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կողմից: