Ռեյգանը դագաղում ոչ թե կշրջվեր, այլ կուրախանար, որ իր կուսակցության ներկայացուցիչներն ամեն տեղ հաղթում են. Պուտին
ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Ռոնալդ Ռեյգանը կուրախանար, որ իր կուսակցության ներկայացուցիչներն ամեն տեղ հաղթում են, կուրախանար նաև ընտրված նախագահի համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ:
«Հանրապետական ընտրողների 37 տոկոսը համակրում է Ձեզ, և եթե Ռոնալդ Ռեյգանն իմանար, նա շուռ կգար դագաղում»,- «Ռոսիա 24»-ի լրագրողը փոխանցել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի խոսքերն ու փորձել իմանալ Պուտինի կարծիքն այդ մասին:
«Ռեյգանն, ինձ թվում է, կուրախանար, որ իր կուսակցության ներկայացուցիչներն ամեն տեղ հաղթում են, և ավելի կուրախանար ընտրված նախագահի համար, ով շատ լավ զգաց հասարակության տրամադրությունները, աշխատեց այդ ուղղությամբ և գնաց մինչև վերջ: Եվ արդյունքում հաղթեց, չնայած ոչ ոք, մեզանից բացի, չէր հավատում, որ նա կհաղթի»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Ռոնալդ Ռեյգանը դագաղում կշրջվեր, եթե իմանար՝ իր աջակիցներից որքան մարդ է աջակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ընտրություններից հետո կատարվել է ուսումնասիրություն, որի ժամանակ մենք տեսանք, որ հանրապետական ընտրողների 37 տոկոսն աջակցում է Պուտինին։ Հանրապետական ընտրողների ավելի քան մեկ երրորդն աջակցում է Պուտինին՝ Պետանվտանգության կոմիտեի նախկին գործակալին։ Ռոնալդ Ռեյգանը կարող էր շրջվել դագաղում»,- ասել էր Օբաման Վաշինգտոնում տված մամուլի ասուլիսի ժամանակ։










