«Աերոֆլոտ»-ը չեղյալ է հայտարարել մի քանի չվերթ՝ SSJ100 ինքնաթիռների հետ կապված խնդիրների պատճառով. РИА Новости

14:00 • 24.12.16

Ռուսական «Աերոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի ներքին ուղղություններով մի շարք չվերթներ՝ 6 Sukhoi Superjet 100 ինքնաթիռների շահագործումը դադարեցնելու առնչությամբ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ավիահաղորդակցության ոլորտում աղբյուրը:


«SSJ100 ինքնաթիռների կայունացուցիչում հայտնաբերվել է անսարքություն, այդ պատճառով «Ռոսավիացիա»-ն դադարեցրել է «Աերոֆլոտ»-ի 6, «ԻռԱերո»-ի 1 SSJ100-ների շահագործումը»,- հայտնել է աղբյուրը:


«Այդ պատճառով «Աերոֆլոտ»-ը չեղյալ է հայտարարել մի շարք չվերթներ Ռուսաստանում»,- հավելել է զրուցակիցը:


Գործակալությունը գրում է, որ համաձայն «Շերեմետևո» օդանավակայանի առցանց ժամատախտակի՝ ավիաընկերությունը շաբաթ օրը չեղյալ է հայտարարել SSJ100-ով իրականացվող մի շարք չվերթներ, այդ թվում՝ Կազան և Նիժնեկամսկ (Թաթարստան), Սամարա, Վոլգոգրադ, Դոնի Ռոստով, Ստավրոպոլ, Արխանգելսկ, Սիկտիկվկար, Վորոնեժ և Տյումեն ուղղություններով: