Ամերիկացուն տուգանել են «կոֆեինի ազդեցության տակ» մեքենա վարելու համար
Կալիֆոռնիայի բնակիչ Ժոզեֆ Շվաբային տուգանել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, թեև փորձաքննության արդյունքները ալկոհոլի կամ թմրամիջոցների առկայություն ցույց չեն տվել:
Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, տղամարդու արյան մեջ օտար նյութերից միայն կոֆեին է հայտնաբերվել, սակայն մեղադրանքը նրա նկատմամբ չի հանվել: Նրա փաստաբանի խոսքով` մեկ տարի առաջ 36-ամյա Շվաբային կանգնեցրել է ալկոհոլային խմիչքների շրջանառությունը կարգավորող վարչության աշխատակցուհին` պնդելով, որ վերջինս ոչ ադեկվատ էր վարում մեքենան:
Ալկոհոլի օգտագործումը ստուգող թեստը բացասական արդյունք է ցույց տվել, որից հետո տղամարդուն բուժհետազոտության են ուղարկել, սակայն բուժզնման արդյունքում ևս ոչինչ չի հայտնաբերվել: Այնուամենայնիվ ամերիկացուն մեղադրել են թմրամիջոցների ազդեցության ներքո վարելու համար:
Կալիֆոռնիայի օրենսդրության համաձայն «թմրանյութերի» տակ հասկացվում է ցանկացած տեսակի նյութ ալկոհոլից բացի, որը կարող է բացասաբար ազդել մեքենա վարելու կարողության վրա:
Մեկ տարի անց էլ ամերիկացու նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել, սակայն մեղադրանքը նույնպես չի հանվել: Շվաբան մտադիր է դատարան դիմել:










