Քերի Ֆիշերն ավարտել է աշխատանքը «Աստղային պատերազմներ-8» և «Գրիֆիններ» նախագծերում

18:28 • 28.12.16

Ամերիկացի դերասանուհի Քերի Ֆիշերը հասցրել է ավարտել իր աշխատանքը մի շարք նախագծերում, հաղորդում է Variety-ն` հղում անելով իր աղբյուրներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ հուլիսին ավարտվել են «Աստղային պատերազմների» ութերորդ դրվագի նկարահանումները, և այժմ կինոնկարը գտնվում է հետարտադրական փուլում: Քերի Ֆիշերը կրկին խաղացել է Արքայադուստր Լեյայի հայտնի դերը:

Դրանից բացի, լույս կտեսնի «Գրիֆիններ» անիմացիոն սերիալի երկու նոր դրվագ, որոնցում դերասանուհին հնչեցրել է կերպարներից մեկին: Դեռևս անհայտ է, թե երբ կցուցադրվեն այդ դրվագները:

Նշվում է, որ Ֆիշերին կարելի կլինի տեսնել նաև «Աղետ» սերիալի երրորդ սեզոնում, որի ցուցադրությունը կկայանա 2017 թվականի գարնանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում 60 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասանուհի Քերի Ֆիշերը, ով առավել հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի տարբեր մասերում Արքայադուստր Լեյայի կերպարով:

 

Քերի Ֆիշերն ավարտել է աշխատանքը «Աստղային պատերազմներ-8» և «Գրիֆիններ» նախագծերում