Ջուրն Ադլերի ափ է հանել Տու-154-ի զոհերի մնացորդները

14:55 • 29.12.16

Դեկտեմբերի 25-ի առավոտյան Սև ծովում կործանված Տու-154 ռազմական օդանավի զոհերի մարմինների մնացորդներն Ադլերի ափ են նետվել, ինչի մասին հայտնում է lenta.ru-ն:


«Առափնյա հատվածում իրականացված հսկողության ժամանակ հայտնաբերվել են զոհվածների դիակների որոշ հատվածներ»,-ասել է ուժային կառույցները ներկայացնող աղբյուրը:


Նա նաև հավելել է, որ այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու քննիչները:


Հայտնի է, որ առ այսօր հայտնաբերվել է զոհերից 19-ի դին, ինչպես նաև՝ մարմնի 239 մաս:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը,  Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի և կապի նախարար Մաքսիմ Սոկոլովը, որը գլխավորում է Տու-154 ռազմական օդանավի կործանումը հետաքննող կառավարական հանձնաժողովը, հայտարարել է, որ ավիաաղետի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը:


Միևնույն ժամանակ, Սոկոլովը կոչ է արել զերծ մնալ ավիաաղետի վերաբերյալ ցանկացած վարկածի տարածումից, քանի դեռ հանձնաժողովը հանդես չի եկել վերջնական հայտարարությամբ: Նա մանրամասնել է, որ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը կտրվի միայն օդանավի ինքնագրիչ սարքերի վերծանումից հետո:


Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Սև ծովում Տու-154 ռազմական օդանավի կործանման առնչությամբ ուսումնասիրում է 4 հիմնական վարկած: Նշվում է, որ օդանավում ահաբեկչության կամ դիվերսիայի իրագործման հավանականությունը փաստող ապացույցներ առայժմ չեն հայտնաբերվել:


«Աշխատանքային հիմնական վարկածներ են շարունակում մնալ շարժիչի մեջ այլ օբյեկտի ընկնելը, անորակ վառելիքը, օդաչուների թույլ տված սխալը, օդանավի տեխնիկական անսարքությունը»,- մանրամասնել է ԱԴԾ-ի ներկայացուցիչը:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար: